500 հազար դրամ մի գերեզմանի համար, կամ Կոտայքի մարզպետի առաջարկը
500 հազար դրամ մի գերեզմանի համար, կամ Կոտայքի մարզպետի առաջարկը Դեկտեմբեր 10, 2011 | 18:19 Ռուզան Ավոյան

Զովունի գյուղի գյուղապետը մի 85 ամյա ծերունու գերեզմանի տեղ հատկացնելու համար 500 հազար դրամ էր պահանջել, պատճառաբանելով թե`մահացածը  համայնքում գրանցում չունի ու դա նման  դեպքերում նախատեսված պետական վճար է:

Մարդը փաստացի ապրել է Զովունի համայնքում, իսկ իր ողջ կյանքի ընթացքում ապրել է մի հասցեում, որն այժմ գոյություն չունի` երևանի վթարային  շենքերից մեկում, որի համար բոլոր բնակիչներին ժամանակին  գումարի տեսքով փոխատուցում տվեցին, իսկ դա հազիվ բավականացրեց Զովունիում մի հողակտոր գնելու համար:

Ինչևէ, հիմա մայրաքաղաքի գրանցմամբ մարդը մահացել է, բայց չէ՞ որ նա ապրում էր  Զովունի համայնքում: Մահացողն իմ հորեղբայրն էր, սակայն հարցը սկսեց արդեն նեղ անձնականից դուրս հետաքրքրել ինձ: Քանի որ Զովունին գտնվում է Կոտայքի մարզում զանգահարեցի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, պարզելու թե կա արդյո՞ք նման մուծում և ո՞ր օրենքով է սահմանված 500 հազար դրամ վճարելը, ու խնդրելու նաև որ օրենքով սահմանված կարգով տեղ հատկացնեն  Զովունի գյուղում, ասացի նաև, որ մահացողը հորեղբայրս է:

Մարզպետը նախ իբր շատ զարմացավ, որ նման բան է եղել, հետո ասաց, որ նման վճար նախատեսված չէ, մերժումն էլ կարող էր պայմանավորված լինել նրանով, որ գերեզմանատունը փակ է, սակայն ինքն ինձ կզանգի:

Մի կես ժամից հետո իրոք զանգահարեց ու շատ հետաքրքիր գործարք առաջարկեց. Ասեք` կոնկրետ ով է ասել, որ նման գումար է պահանջվում մուծել, ու  դրա դիմաց ես  էլ ձեր հարցերը կլուծեմ:

Անկեղծ ասած նման պատասխան չէի սպասում. Նախ` եթե փակ է, ինչպես էր լուծելու բացելու հարցը: Չնայած այս շահավետ ու յուրօրինակ բիզնեսում փակ ու բաց գերեզմանատունը շատ հարաբերական հասկացողություն է:

Պարոն մարզպետի պատասխանը կարելի է վերծանել մի քանի վարկածով.

Նախ` մարզպետը շատ լավ տեղյակ էր գներից.ինձ էլ գործարք առաջարկելով մեղմ ասած ցրեց. Լավ հասկանալով որ դա անհնարին է.ասենք ո՞նց էր պատկերացնում Շահգալդյանը, մարդիկ իրենց հարազատի դին թողած, պիտի իր մոտ առերեսման գնան, որ ինքը բարեհաճի մի բուռ հող տա՞լ: Կարծում եմ մի գյուղապետարանում, ուր ընդամենը մի քանի հոգի են աշխատում դժվար չէ գտնել այն մարդուն, որ նման գումար է պահանջել:

Իսկ գուցե մյուս վարկածն է. մարզպետը  չի տիրապետում իր համայնքների իրավիճակին: Ու այնտեղ ամենաթողությունն այն աստիճանի է հասել, որ անգամ գյուղապետերն են անում ինչ ուզում են:

Կարելի է ենթադրել, որ կամ պարոն մարզպետն իր տեղում չէ, որ իր քթի տակ ծվարած համայնքում կոռուցիոն ռիսկեր են խաղացնում, կամ ինքն իր մասնաբաժինն ունի կատարվող գործարքներից: Ու եթե այս  հրապարակումից հետո գյուղապետը մնա իր տեղում, ուրեմն ինքը շատ էլ լավ հարում է կոռուցիային ու իզուր են տարատեսակ պայքարներն ու հավաստիացումները:

Իսկ վերջում ասեմ. ուրեմն պարոն Շահգալդյան, հորեղբորս արդեն հուղարկավորել են դե չէին կարող սպասել մինչև դուք առերեսում կազմակերպեիք. մարդիկ ոչ սիրտ, ոչ էլ ժամանակ ունեին ապացուցելու ձեզ մի բան որ դուք շատ լավ գիտեք : Ես ցավում եմ, որ դիմեցի ձեզ, դուք չէ, որ պիտի լուծեիք իր ողջ կյանքը էս երկրի համար աշխատած մարդկանց իրենց հողից մի բուռ հատկացնելու հարցը . Հայաստանը նրանց նմանների հայրենիքն է և իրենք են լուծելու ձեր հարցերը, ու վստահ եղեք  շատ շուտով:

Հ.Գ. Ի դեպ, այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է:

 

 

15

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր