Վիրտուալ իրականության երկիր Հայաստանս
Վիրտուալ իրականության երկիր Հայաստանս Դեկտեմբեր 10, 2011 | 10:06 Արսեն Վահանյան

Չմեռանք` դա էլ տեսանք. Նեմեց Ռուբոն` բողոքի ցույցի մասնակից: Բողոքի ցույցն էլ ընդդեմ մեկ այլ օլիգարխի է` Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշի), որը մտադիր է «Հրազդան» տոնավաճառի տարածքում` հենց մարզադաշտի կողքին, 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն կառուցել:

Ահա ինչ է ասում ինքը` Ռուբեն Հայրապետյանը. «Նման կառույցի կործանումը չի ներվի սերունդների կողմից: Ես ամեն ինչ անելու եմ` ընդհուպ էքսկավատորի տակ պառկելը: Այս պահին միջազգային որեւէ խաղ չենք կարող անցկացնել: Շատ կարեւոր է մարդկանց տարհանումը, որին կարող է խոչընդոտել առեւտրի կենտրոնը: Բացի այդ խոտածածկը պետք է փոխվի: Գալիք մրցափուլում Մալթային եւ Բուլղարիային հյուրընկալվելիս 6 միավոր վաստակելուց հետո` հայ ֆուտբոլասերներին հնարավոր չի լինի զսպել, քանի որ հաջորդ խաղը Երեւանում է լինելու Իտալիայի հետ»:

Պատկերացնո՞ւմ եք`մի օլիգարխը կարող է պառկել մեկ այլ օլիգարխի էքսկավատորի տակ: Մեր կյանքը ռեա՞լ է, թե՞ ապրում ենք հայտնի ֆիլմի «մատրիցայի» ներսում:

Մեկ ուրիշ հետաքրքիր դրվագ. ԱԱԾ-ն, բերման է ենթարկել պոռնոսկանդալի հերոսուհի Անժելա Սարգսյանի նախկին (կամ իբր նախկին) ամուսնուն` ԵՊՀ փիլիսոփայության դասախոս Ղազար Ավետիսյանին, և նա հարցաքննվել է ԱԱԾ-ում` կեղծ վկայականներ տրամադրելու գործի շրջանակներում: Առայժմ ազատ են արձակել: Դե ԱԱԾ-ն ժամանակին այլոց էլ էր ազատ արձակում հարցաքննություններից հետո, բայց դա որոշ դեպքերում 15 տարվա ազատազրկման դատավճռով… Կհետևենք, տեսնենք, թե սա ինչքան ջուր կքաշի:

Հա, քանի որ հիշեցինք Անժելին, չենք կարող չհիշել և ռուսական ժողովրդավարության մերկաստինք պաշտպաններին` ուկրաինական «Ֆեմեն» կազմակերպությունից: Այդ նպատակով Մոսկվա ժամանած երեք աղջիկներին չի կանգնեցրել նույնիսկ դեկտեմբերյան ցուրտը: Նրանք մերկացել են Սուրբ Փրկչի եկեղեցու մոտ, կոնքերին փաթաթել  Ռուսաստանի դրոշի տեսքով պարկերի կտորներ: Բոլոր աղջիկների մարմիններին նկարված է եղել ուղղափառ խաչ:  Բացի այդ, նրանցից մեկի ձեռքին եղել է մտրակ:  Աղջիկների ձեռքին եղել են պաստառներ, որոնց վրա անգլերեն եւ ռուսերեն գրված է եղել: «Աստված, քշիր թագավորին»: Աչքիս, սրանք էլ ինչ-որ աղանդի հետ կապ ունեցող են, այլապես…

Սակայն մեր քաղաքական դաշտն էլ առանձնապես չի տարբերվում այդ մերկ աղջիկներից: Հանուն քաղաքական իրավիճակի վրա ազդելու ինչի ասես կգնան մեր քաղաքական այրերը: Ճիշտ է, ՀԱԿ-ի ակտիվիստուհիները «հանուն ավազակապետության կազմաքանդման» դեռևս «ֆեմինիստուհիների» պես հրապարակավ չեն մերկանում, սակայն նրաց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի`հրապարակ նետած ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի գաղափարն, արդեն երկու շաբաթ է, ինչ ալեկոծում է ամբողջ քաղաքական դաշտը: Լուրջ-լուրջ խոսում են դրա մասին, նաև քաղաքագետ կոչված մարդիկ են դա «վերլուծում» որպես հնարավոր տարբերակ: Այդ վիրտուալ բլեֆը այնքան է տարել ոմանց, որ էլ դու սուս… Բայց անգամ իշխանության ներսում է այդ բլեֆը ազդեցություն թողնում:

Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն այդպես էլ հրապարակավ չեն հայտարարում, որ դա կատարյալ էշություն է: Իբր թե չհայտարարելով կարող են վախեցնել ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, թե եթե հանկարծ իրենց հատկացվելիք տեղերից դժգոհ մնացին, մեկ էլ տեսար ՀԱԿ-ի հետ ընկերություն կանեն: Մեկ էլ նույն ձևով ոչ հաստատում են, ոչ հերքում այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է գլխավորել ԲՀԿ ցուցակը: Բայց  չէ՞ որ, ինչպես նկատեց Բառադի Համո մականունով հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը, «Քոչարյանը թիմ չունի, էդ մարդը իրենց տանը նստած է»: Բայց հանրապետականներն էլ պակաս չեն` այն բանի համար, որ ԲՀԿ-ն հրապարակավ չի ասում, որ ՀԱԿ-ի հետ դաշինք հնարավոր չի, Ռոբերտ Քոչարյանն էլ իրենց ցուցակում չի լինի առաջին տեղում, ԲՀԿ-ում ինչքան «պլանքաշ» կա` բոլորի վրա գործ հարուցեցին: Դե ձեր սեփական «պլանքաշներին» էլ հավաքեք…

Ստացվեց աբսուդային խաղ. «Ասա»-«Չեմ ասի», «Չէ, կասես»-«Չեմ ասի»: Գրողը տանի, իշխող կոալիցիայի լուրջ կուսակցություննե՞ր եք, թե՞ «կազակի-ռազբոյնիկի» խաղացող 10-12 տարեկան մանչուկներ: Կարճ ասած, ընկղմվում ենք մի վիրտուալ «Մատրիցայի» մեջ, ուր հասարակ ողջամտությունն ու առողջ տրամաբանությունը հեչ հագի չեն:

Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ

11

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր