Մեր տղամարդիկ պարտք են մեզ
Մեր տղամարդիկ պարտք են մեզ Դեկտեմբեր 10, 2011 | 18:42

Միացնենք մեր երեք մեծերի պատգամները ` Չարենցի «միաբանվածությունը», Սիամանթոյի զգուշացումը և Սևակի աններում կոչը` «Ով մոռանա` զույգ աչքով թող կուրանա» և անվախ առաջ շարժվենք` մեր Սուրբերին միայն առաջնորդ ունենալով, – ասում է դերասանուհի Հասմիկ Տեր Կարապետյանը։

- Հասմիկ, այս հարցով եմ սկսում իմ բոլոր հարցազրույցները, կարծես պարզ հարց է`մտավորականի քո բնորոշումը, բայց միևնույն ժամանակ այսօրվա համար բարդ ու պարզության կարոտ հարց է:

- Մարդիկ են, որոնք իրենց մեջ ահավոր մեծ ցավ են կրում: Ցավ տգեղի նկատմամբ, չստացվածի, աղավաղվածի, արժեզրկվածի նկատմամբ: Այն մարդն է, որ իր անձնականը մի կողմ դրած, ցավում է երկրի համար, մարդկանց համար, ժողովրդի, իր գալիքի, իր երկրի թերությունների համար: Երևույթները ինչքան ցավալի են լինում ու թերություններն էլ շատ, ցավը ավելի խորն է լինում և հուսահատությունը` հաճախակի: Բայց զարմանալի կերպով նորից կարողանում է կանգնել, թևաթափ վիճակը հաղթահարել, նորից մտնում է ինչ որ պայքարների մեջ, որ նորից ու նորից խփվի ու թևաթափվի: Այ, սա է մշտական մտավորականի դիրքորոշումը: Չեմ ընդունում կոտրվող մարդկանց, որոնք այլևս ուժ չեն գտնում ոտքի կանգնելու: Ինչու՞, որովհետև գտնում եմ, որ Աստծո առաջ պատասխանատվություն կա: Այն, որ ունենք իրավունք առավոտյան աչքներս բացելու և նորից այս չքնաղ օրն ու արևը տեսնելու, ուրեմն պատախանատու ենք: Քանի շունչ կա քո մեջ, պիտի կատարես առաքելությունդ:

-Հավատո՞ւմ ես, որ մենք ունենք նման մտավորականներ:

-Իհարկե ունենք: Ցավոք, շատերս թևաթափ ենք լինում, մտածելով, որ գործունեության դաշտը պակաս ու թերի է մեզ համար: Թող ինձ չմեղադրեն նրանք, ովքեր նոստալգիա (կարոտախտ) են ապրում Սովետի նկատմամբ և գտնում են, որ շատ բան են կորցրել: Սովետ միության ժամանակ երկու ասպարեզ կար , որտեղ մարդիկ մնացին ազնիվ և նվիրյալ: Դա մշակույթի և գիտության ոլորտն էր: Ցավոք մեր կյանքի փոփոխությունը բերեց նրան, որ թոհ ու բոհի մեջ տիղմ բարձրացավ վեր և գրավեց շատ ոլորտներ: Այն Սովետի ստեղծած, դաստիրակածը, որը անսուրբ երկրի ծնունդ էր, անհավատ երկրի ծնունդ և ավազակաբարո, տիղմ էր, որը երբ բարձրացավ, տակը մնացին ամենակարգինները, որոնք պիտի իրականում ապահովեին եկող սերնդի դաստիարակությունը: Սակայն այս մարդկանց ձեռքերը կապվեցին, անգործության մատնվեցին: Եվ այսօր էլ ամենավատ վիճակում մնացել են հենց այդ երկու ոլորտներն ու ամենակարգին մարդիկ: Այսօր ամենուրեք տիրում է անհարգալից վերաբերմունք օրենքի, իրար նկատմամբ: Շատ կցանկանայի, որ ամեն մեկը զգար հայի արյան հարազատությունը, մի օր արթնանայինք ու բոլորս հարգեինք այն արյունը, որ հոսում է մեր մեջ, ունենայինք մերի զգացողությունը:

-Ունե՞նք մենք գոնե մտավորականների միասնություն:

-Մեր ազգը անհատականությունների ազգ է: Հայրս ասում էր. «Մեր ժողովրդին հնարավոր չէ ոչխարի հոտի նման հավաքել մի դրոշի տակ»: Իրոք հնարավոր չէ: Դե պատկերացրեք, եթե ամբողջ ազգը անհատներից է կազմված, ուրեմն մեր մտավորականը ինչպիսի՞ն է:

-Իսկ միավորվա՞ծ են նրանք, կամ ին՞չը կարող է միավորել մեր մտավորականներին:

-Ամենավտանգավոր, ծայրահեղ վիճակները, որոնք ոչ միայն մտավորականներին, այլև ամբողջ ժողովրդին են միավորում: Ցավոք, մինչև դանակը ոսկորին չի հասնում, չի լինում միավորումը: Դա էլ երևի ազգին բնորոշ հատկություն է: Լավ կլիներ, որ ունենայինք ամենաբարձր մտավորականների ղեկավարող խումբ, որը իմանար ինչ անել, ու՞ր տանել, ինչ՞ գաղափարախոսությամբ տանել, ինչ՞ դաստիարակության հիմքեր դնել, ին՞չը վերականգնել, որը կլիներ ազգային արմատների վրա հիմնված:

-Ին՞չը կարող է տարանջատել մտավորականներին:

-Քաոսը: Աններդաշնակ վիճակները, երբ այնքան շատ են պրոբլեմները, հարցերը, երբ թացն ու չորը խառնվում են իրար: Այսօր չունենք ներքին հարմոնյա: Քչերն են, որ կարողանում են գտնել այն իրենց մեջ: Այդ քաոսը, ցավոք, ուղղակի մահացու է թե՚ ֆիզիկական, և թե՚ հոգեկան իմաստով լավագույնների համար։ Որքան այս վիճակը երկար ձգվի, այնքան մենք կաղքատանանք լավերին կորցնելով։

-Ի՞նչ պահվածք, ի՞նչ դաստիարակություն ունի մեր ժողովուրդը, ինչպիսի՞ն կուզենայիր տեսնել նրան:

-Զարմանում եմ պասիվ մարդկանց վրա: Երբ տեսնում ես հասարակության բացերը` չես կարող անտարբեր մնալ: Ժողովուրդը անդադար բողոքում է, թե՚ իր կյանքից, թե՚ հեռուստատեսությունից, թե՚ երեխաների ապազգայնացումից, վատ հայերեն մատուցելուց և այլն, և այլն: Մենք էլ ենք դա տեսնում: Ես զարմանում եմ, թե ինչու՞ բոլորը բողոքում են, բայց ոչինչ չեն անում: Պետք է ամեն մեկը մի բան ձեռնարկի, ոչ թե սպասի, որ դիմացինը իր փոխարեն գլուխ կոտրի:

-Ինչի՞ց է դա գալիս:

-Դա հասկանալու համար, պիտի 70 տարի հետ գնանք, որովհետև այսօրվա պահվածքը, կեցվածքը 70 տարվա մեջ մշակվածի պտուղն է: Դժվա՞ր է մոռանալ այն շրջանը, որ այդքան լավ գլուխներ եղեռնի մատնեցին, երբ ով, որտեղ, ինչ ձեռնարկությունում աշխատում էր, փեշի տակ տվյալ ապրանքը դուրս էր բերում: Բա ին՞չ պիտի լիներ: Հո ժողովուրդը միանգամից իր տեսակը չէ՞ր փոխելու: Ալան – թալանը որտեղի՞ց եկավ, հենց էն դաստիարակությունից, որ արդեն ստացել էին: Եկանք, հասանք սրան: Հիմա ինչքան ջրեր պիտի հոսեն, ինչքան ջանք պիտի թափենք, որ մաքրված երկրորդ, երրորդ սերունդը գա, որ նոր կարողանան էս կեղտաջրերը զուլալվեն, իսկ տիղմը նստի տակը: Սրա համար ժամանակ է պետք: Մեծագույն ուժը համբերությունն է: Մենք պետք է կարողանանք ոչ թե թևաթափ լինել, այլ համբերությամբ աշխատել, մեր երեխաներին ոչ միայն շորերով ու լաթով ապահովենք, այլ վաղվա քաղաքացու տեսակի հիմքը դնենք, որպեսզի պահպանե՚նք մեր ժողովրդի շարունակելիությունը: Այսօր պիտի դնենք վաղվա հիմքերը:

-Հավատու՞մ ես մեր ազգի ապագային:

-Բնականաբար: Էլի զուլալվելու են այս ջրերը, բայց ժամանակ է պետք և այսօրվա մտավորականի գործը հանուն վաղվա օրվա է:

-Իսկ ո՞րն է այսօր մտավորականի գործը, տեղը:

-Ամեն մեկը, որը ի զորու է իր գործի մեջ, անելու լավը, ճիշտը: Ես ինչ գիտեմ, դա եմ անում: Ես որպես թատրոնի մարդ, գիտեմ, որ կարող եմ երեխայի մեջ մշակել խոսքի կուլտուրա, հարգանք դեպի բառ ու բանը, կիրթ խոսքը: Սա կարևոր է, որովհետև, երբ կիրթ է խոսքը, կիրթ են հարաբերությունները: Ես աշխատում եմ կիրթ խոսք փոխանցել, ընդ որում, դա միայն խոսքի տեխնիկան չէ, դա նաև ներքին, հոգու ֆիզիկական մարզում է, դաստիրակություն։ Եթե ես ուզում եմ քաղաքացի դաստիրակել , սկսում եմ տարրական թվացյալ բաներից, որոնք հզորացնում են մարդու հոգին: Իսկ հզոր մարդը լինում է օգտակար, լավ քաղաքացի, պիտանի մարդ: Հայրս ասում էր.«Մշակույթը սկսվում է դանակ – պատառաքաղի կուլտուրայից»: Ես կուզեյի, որ այսօր դասավանդվեր, նաև Սուրբ Գիրքը և հին հունական առասպելներն ու լեգենդները: Սուրբ Գիրքը և մտավորական է ձևավորում, և գեղարվեստական միտքն է մշակում, չէ՞ որ ամբողջ աշխարհի միտքն ու արվեստի հիմքը այս երկու գրքերն են: Կրթական հարցերում շատ բան կա վերանայելու: Այսօր կարիք կա, որ մեր երեխաներին կրթեն ամենաընտրյալները` համալսարանականները: Մայրենին թերի թողած, ընկել ենք օտարալեզու դպրոցներ ենք ուզում հիմնել: Այնքան շատ են մեր խնդիրները, որ չգիտեմ էլ, ո՞ր ոլորտն է առաջնային: Օրինակ` հեռուստատեսությունը ամենավտանգավոր ոլորտն է: Երբեմն թվում է, թե , ինչ անում են, դիտմամբ են անում, որ մի ամբողջ ժողովուրդ անդամալույծ դառնա: Եթե մեր ժողովուրդը այսքան պասիվ չլիներ, դատի կտար: Մի ժողովուրդ, որի հիմնական դիմագիծը ծանր լինելն է, այսօր մակերեսացվում է: Այո, մենք ծանր ժողովուրդ ենք, որովհետև հազար բան տեսած ենք, յոթ անգամ մտածող ու մեկ` կտրող ժողովուրդ ենք և հոգևոր ենք մեր որակով: Ժամանակին Օյստրախը իր տղային ասում էր. «Եթե ուզում ես իմանալ քեզ աշխարհը կնդունի, թե ոչ, գնա Հայաստան: Եթե հայերն ընդունեն, ուրեմն աշխարհը կնդունի»: Ես ինքս բեմ դուրս եկող մարդ եմ և գիտեմ, որ նույնիսկ ամենատգետ հայի զգացողությունները ճշմարիտ են, որովհետև նրա երակներում դարերի արյուն է հոսում, մեր ներքին զգացողությունները գենետիկորեն խորն են և մենք անկախ մեզանից, չտեսնված զգում ենք ո՞րն է լավ, և ո՞րն է վատ: Մակերեսայնացնելով ու շոուացնելով արվեստը, մենք կորցնում ենք մեր դիմագիծը: KBH-ը եկավ ու գրավեց բոլոր ամբիոնները, հետին պլան մղեց և դասականը, և պրոֆեսիոնալը: Սա մի պատուհաս է արվեստի գլխին: Ինչպես՞ կարելի է: Որպես բեմի մարդ, որն այդքան ջանք է թափել խորանալու իր մասնագիտության մեջ, ես վիրավորվում եմ, որ այսօր կողմնակի մարդը կարող է, գալ և տրա-լյա-լյա անելով ինքն իրեն դերասան համարել, այն դեպքում, երբ դա մշտական խորացման, տառապանքի, որոնման, մշտապես բացահայտելու մասնագիտություն է: Արածներն էլ շատ ծիծաղելի է: Փողոցում հայտնի մարդ լինելը, չի նշանակում լինել մտավորական:

- Քո խոսքը` մտավորականին:

-Ին՞չ ասեմ: Թևերը քշտած պիտի գործ անել: Գործ անել հանուն մեր մայրենիի, հանուն մեր հայրենիի, մեր զավակների, հանուն այս արևի տակ լինելիության: Չհոգնել, չկոտրվել, ուժերի ներածին չափ պատասխանատվության բեռը քարշ տալ: Միևնույն է աշխարհն իր ամբողջ ծանրությամբ քչերի ուսին է, որոնք իսկապես այդ բեռը տանում են: Ատլանտները, որոնք պահում են երկրագունդը` չորսն են, բայց նրանք են պահում: Եթե ես ինձ համարում եմ այդ քչերից մեկը, ուրեմն ես պատասխանատու եմ վաղվա համար:

-Քո խրատը` երիտասարդին, որը կարող է լինել այդ քչերից մեկը:

-Անիմաստ է երիտասարդին որևէ բան ասել, եթե չես դիմում դաստիրակողին: Այսօր ամեն հայ ծնող երկու կարևոր պարտավորություն պիտի ունենա: Առաջինը` ինչ միջոցով ուզում է լինի զավակին ապահովել լավ կրթություն. Հայ ծնողին լավ է բնորոշում Թումանյանը «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել»: Ամեն մի հայ ծնող միշտ ցանկացել է, որ իր երեխան շատ ավելի բարձր լինի: Սա կա: Պետք է ապահովել ոչ միայն այցելությունը կրթահամալիր, այլ նաև աշխատանքային ռեժիմը, որպեսզի երեխան սովորի սովորել, հաստատել կարգ ու կանոն, կարգապահություն: Երկրորդ պարտականությունը ծնողի այն է, որ դեռ փոքրուց պիտի իր զավակի մեջ սերմանի` այն կրթությունը, որ նա ստանում է, պիտի ծառայեցնի իր ժողովրդին: Այսօր այդ մոտեցումը չկա: Կրթվելու պահանջը գենետիկորեն կա, բայց հանուն ինչի՞ կրթվել, բացակայում է: Այսօր շատ վատ դաստիրակություն ունեն հատկապես հայ տղաները` անկարգապահ են, անպատասխանատու, փնթի, գլուխ պրծացնող և արանք ճղելու բնավորություն ունեն: Մեղադրում եմ ոչ թե տղաներին, այլ ծնողին, հատկապես հայ մայրերին, որոնց համար ընտանիքում տղան կուռք է դառնում: Թող չվիրավորվեն մեր տղամարդիկ, բայց այսօր նրանք մեզ պարտք են: Պարտք են, որովհետև մի դար լաց եղան.« Վա~յ մեր մայրերին սպանեցին, վա~յ մեր կանանց բռնաբարեցին, վա~յ մեր երեխաներին մորթեցին»: Էհ~, չթողնեյիք: Պա՚րտք են մեզ:

-Ին՞չ է երազում Հասմիկ Տեր Կարապետյանը մեզ համար:

-Երբեք ոչնչից չվախենալ: Վախը մեր մեջ շատ է, որովհետև շատ կորուստներ ենք ունեցել: Չվախենալ որովհետև հավատում եմ, որ հզոր երկնային պաշտպանություն ունենք: Ինձ երբեմն թվում է, մեր ժողովուրդը չունի ինքնապաշտպանական իմունիտետ` շուտ է ներում, շուտ է մոռանում, շուտ է հաշտվում: Ահավոր ուզում եմ, որ չմոռանա: Չմոռանա ինչեր ենք քաշել, ինչեր ենք տարել: Շատ են այսօր մոռացողները, և ես զարմանում եմ թե ոնց են այդպես հանգիստ արյան վրայով անցնում, ինչպես են բարեկամական ինչ որ բաներ ծրագրում: Ես քրիստոնյա եմ, բայց չեմ ներում: Չեմ ների, քանի դեռ ծնկաչոք չեն եկել, քանի դեռ չեն ապաշխարհել: Գուցե չնդունվի իմ ասածը, բայց այսօր ես խաղաղասեր էլ չեմ ուզում լինել: Էլ հոգնել ենք: Դարեր շարունակ միայն խաղաղասեր ենք եղել, կարգին, օրինավոր նորմալ ժողովուրդ, ոչ մեկի հողը չենք զավթել, տունը չենք քանդել, երեխային չենք վնասել: Ին՞չ ենք շահել մինչև այսօր: Այսօր ես չեմ ուզում մոռանալ, չափից դուրս բարի լինել, չափից դուրս ներող լինել: Ես ուզում եմ ապրել ուժեղ երկրում: Բավական է: Կամ- կամ: Չեմ ասում ավազակաբարո, մորթող-սպանող, ուզում եմ լինենք ուժեղ, սկզբունքային և ինչու՞ ոչ` հարձակվող: Ուզում եմ ուժեղ երկրի արվեստագետ լինել, որովհետև ամեն մի անհատի հետևում ուժեղ երկիրն է կանգնում, որ նա անհատ ձևավորվի աշխարհի մասշտաբով: Կամ ուժեղ լինենք, կամ չլինենք: Ին՞չ է մեզ մնացել` մի պուճուր վերջին կտոր, որի վրա նույնիսկ գահ դնելու տեղ չկա, որ թագավոր նստի վրան: Մի փոքր հողակտոր է մնացել, եթե խելոք չլինենք, անվախ, ճիշտ, եթե ատամով չլինենք, էտ էլ ենք կորցնելու: Պիտի որոշենք` կամ մեր երկիրը պիտի ուժեղանա ու հզորանա, կամ էդ էլ կորցնենք, վերջանանք գնանք: Սա է այսօրվա գաղափարախոսությունը, այսօրվա հրամայականը: Ո՞րն ենք որոշում` ապրել գետնաքարշ, թե՞ ապրենք հզոր երկրում: Ես գոյատևել չեմ ուզում, այսպիսի կյանքը ինձ հետաքրքիր չէ:

-Այնուամենայնիվ, որպես քրիստոնյա կարո՞ղ ես ներել ապաշխարողին:

-Միայն քննելով ապաշխարողի շարժառիթները և հաշվի առնելով հանգամանքները, թէ ինչու՞ է ապաշխարում:

-Որպես նախաբան կամ վերջաբան:

-Չարենցյան միաբանված ուժի գիտակցումը ինձ համար հետևյալում է. Մենք իսկապես բարձր, հրաշալի ժողովուրդ ենք, նույնիսկ ամենավերջին սրիկան իր մեջ, շատ խորքում ունի սրբություններ, որ նրան հետ է բերում մարդկայինի տիրույթները, շատերը անգիր արած բառեր են կրկնում մեր բարձր նկարագրի մասին, բայց ամենազարհուրելին այն է, որ չկա իսկապես ինքնարժեքավորում, ինքնահարգանք, եթե այն զգային ողջ ներքինով` կսիրեին և կհարգեին նաև դիմացինին: Ցավոք դարերի ընթացքում անցնելով անլուր տառապանքների միջով և մնալով միշտ վշտակիր ու խոցված-վիրավորված, մենք իրար վրա ենք թափում մեր մեջ կուտակված ցավն ու բարկությունը: Կարծում եմ ժամանակն է իրար պահելու-պահպանելու և մեջք -մեջքի տված մեր ամբողջ արդար բարկությունն ու հավաքված մաղձը սլաքի նման ուղղելու մեզ խանգարողների, հերթական անգամ մեզ կողոպտողների դեմ: Աշխարհը միշտ էլ կմնա Սիամանթոյի անզոր ճիչի թիրախը` «Ով մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին» : Միացնենք մեր երեք մեծերի պատգամները ` Չարենցի «միաբանվածությունը», Սիամանթոյի զգուշացումը և Սևակի աններում կոչը` «Ով մոռանա` զույգ աչքով թող կուրանա» և անվախ առաջ շարժվենք` մեր Սուրբերին միայն առաջնորդ ունենալով: Մեզ` մայրերիս, հիմա կցանկանայի Անդրանիկի մոր և Սոսեի դաստիարակությունն ու մտածողությունը: Առաջինը` երեխան փորում ասեղնագործում էր սրբիչի վրա սպիտակ ձիավոր` վրան տղան ու աղոթքի նման մրմնջում` «Ձին միշտ տակիդ լինի, թուրդ ձեռքիդ լինի», իսկ մյուսը ամուսնու կողքին էր` զենք ու զրահով: Այսօր բոլորիս առաջ ԿԱՄ – ԿԱՄն է` լինի սովորական քաղաքացի, գյուղացի, բանվոր, կուսակցական, չինովնիկ, արվեստագետ, գիտնական, թե կառավարության անդամ:

Կարինե Ջանջուղազյան

37

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր