Առաջին առատ ձյունն էլ եկավ ու հալվեց: Այն չհասցրեց էլ սպիտակ դարձնել երկիրը, զի ներքաղաքական կյանքը Հայաստանում անտանելիության աստիճանի հագեցած է մրով: Օրինակ` վարչապետի և Հարություն Առաքելյանի պատմությունը: Չգրանցված կուսակցապետ, որը հրապարակավ դիմում է վարչապետին` եթե ինձ պաշտոնապես չգրանցեք կուսակցապետ, ապա կբացահայտեմ, թե ինչպես են վարչապետը, յուր եղբայրը և այլոք կերել 31 միլիոն դոլար:
Եթե իրոք կերել են, ապա ի՞նչ կապ ունի կուսակցապետության պաշտոնական գրանցումը: Այդպիսի հանցագործությունը ենթակա է պատժի` ում կողմից էլ այն կատարված լինի: Այսինքն, եթե գրանցվեց, կարելի է անցնել ծանր հանցագործության պարագայում իմանալ-չհայտնելո՞ւն… Նույն վարչապետի պարագայում էլ է անհասկանալի` ի՞նչ է նշանակում հրապարակավ հայտարարել, թե տեղի ունեցածը շանտաժ է, սակայն շանտաժի համար պատասխանատվության ենթարկելու պահանջ մենք չտեսանք: Այսինքն` ստացվում է զարհուրելի մի բան. Վարչապետն ու կուսակցական գործիչը հրապարակավ խոսում են ծանր հանցագործության մասին, սակայն այդ ծանր հանցագործությունն ընդամենը «բազարի» առարկա է: Հանրությանն էլ համարել են այնքան կեղտոտված, որ մտածում են, թե նույն այդ հանրության աչքի առաջ կարելի է «բազար» անել ծանր հանցագործության շուրջ…
Չնայած այդ հանրության մաս են կազմում նաև այն 300 հազար հոգին, որ 5000 դրամի դիմաց անգամ Ալիևին քվե կտա, բայց մի՞թե դա ամբողջ հանրությունն է: Չէ՞ որ 3 միլիոն մարդ է ապրում Հայաստանում: Չէ՞ որ կան նրանք, ում քվեի հարցը փողով չի լուծվում, ովքեր կամ դեմ են քվեարկում իշխանությանը` ելնելով սեփական ճիշտ կամ սխալ համոզմունքից, կամ կողմ, ու պատրաստ են պահանջներ ներկայացնել իրենց ընտրած իշխանությանը…
Կամ Լիսկա – Սիլվա Համբարձումյան հակամարտությունը: Դա էլ դարձավ հրապարակային «բազարի» առարկա: Մինչդեռ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը պիտի նստի բանտում մինչև իր վերջին օրը, իսկ գործարարուհին այնպիսի քանակի ստվերային խաղերի մեջ է, որ դա առնվազն հետաքննության կարիք ունի:
Ու այդպես շարունակ: Նաև տեղի ունեցած ցուցերի պարագայում: ՀԱԿ-ի հանրահավաքին, ոստիկանության տվյալներով, 2700 հոգի է մասնակցում. Թամաշա անողների զգալի մասը ցրտին հրապարակ գալու հավես չունի: Ու ի՞նչ է ասվում այդ եկածներին` որ իհարկե ամեն ինչի պատրաստ են ՀՀ նախագահի հրաժարականի համար` գնացեք մասնակցեք հերթական ընտրություններին: Էլ ի՞նչ իմփիչմենթ, ի՞նչ բան, ո՞ւմ եք էշի տեղ դրել… Բայց արի ու տես, որ Գագիկ Ծառուկյանին ու այլ օլիգարխներին նաև հրապարակավ «բազար» են առաջարկում, թե որ դեպքում նրանց կհամարեն «պուպուշ» օլիգարխ: Օլիգարխի «պուպուշը» ո՞րն է. կամ քանդում ենք գրողի ծոցն ուղարկում օլիգարխիկ համակարգը, կամ պահպանում: Նույն օլիգարխների թեմայով Լևոն Հայրապետյանի «սենսացիոն» հայտարարությունը նույնպես ազնիվ չէ: Առաջարկում է «արտագաղթեցնել» մի շարք «արհեստական» օլիգարխների: Ինչ է նշանակում պարտադրել, որ արտագաղթեն. եթե հանցագործ են` պետք է բանտ նստեն, իսկ եթե օրինավոր են, ապա ո՞վ և ի՞նչ իրավունքով նրանց պետք է վռնդի հայրենիքից: Համ էլ ինչպե՞ս եղավ, որ Լևոն Հայրապետյանի նկարագրած «արհեստական օլիգարխի» բնութագրիչները ճիշտ ու ճիշտ համընկնում են Գագիկ Ծառուկյանի կերպարի հետ: Դա ի՞նչ խաղեր են, և հանուն ինչի՞: Մի՞ թե հանրությունը էշ – էշ պիտի հավատա, որ եթե Ծառուկյանին հալածի, ապա երկրում ամեն ինչ կշտկվի: Եթե Ծառուկյանն այդքան վատն է` թող կալանավորեն ու քննություն անցկացնեն, ԲՀԿ-ն էլ սահմանադրական դատարանի որոշմամբ փակեն, իսկ եթե ոչ` քանի՞ կոպեկ արժե այդ սենսացիան իր հեղինակով հանդերձ…
Այլ ցույցեր էլ եղան: Զորօրինակ` «Միասին» երիտասարդական շարժումը պահանջագիր հանձնեց վարչապետին` հայոց լեզվի պահպանման միջոցառումների մասին, հետո էլ երիտասարդները Հյուսիսային պողոտայի բոլոր` օտարալեզու ցուցանակ ունեցող խանութների մոտ կանգ առան ու վանկարկեցին «Ամոթ»: Ու անմիջապես հայնվեցին նրանք, ովքեր հարցադրում են` այդ ինչո՞ւ ՀՀԿ-ի «կոմսոմոլը» որոշեց պաշտպանել հայոց լեզուն, ի՞նչ կա դրա տակ: Հիմա ինչ` վա՞տ բան են արել, որ պաշտպանել են: Թե՞ պաշտպանելը լավ բան կլիներ միայն այն դեպքում, եթե պաշտպանողները ընդդիմադիր լինեին: Կամ էլ ֆեմինիստուհիների ցույցը: Մի աղջկա թիկունքին գրված էր. «Ես 14 տարեկան եմ, և ինձ բռնաբարել է իմ հայրը»: Եթե դա ընդամենը ցուցապաստառ է, մեկը հարցնող լինի. աղջիկ ջան, իսկ ո՞ւր է քո իրական հայրը, և ինչպե՞ս եղավ, որ քեզ թույլ տվեց այդպիսի գրառումով փողոց դուրս գալ: Բա որ մի ասող լինի` ես քո հոր… որ քեզ բռնաբարել է:
Ամբողջ քաղաքական դաշտը լեցուն է հրապարակային կեղտոտ սակարկություններով` հանրության աչքի առաջ: Հանրության, որին մեխի գլխի կամ անլեզու հայվանի տեղ են դրել թե իշխանամետները, թե ընդդիմադիրները: Լավ, բա որ հանրությունն այնպես կատաղի, որ մարտի մեկը ձեզ մանկական խաղ կթվա՞… Կամ էլ ընդհանրապես թքի ձեր վրա ու չգա ընտրատեղամասեր, ու ստիպված լինեք 300 հազար` քվե ծախող թերմացքների շրջանակում մրցակցել, թե ով ավելի շատ կվճարի: Բայց չէ՞ որ այդ ծախուները ձեզանից և ոչ մեկի համար հենարան չեն դառնալու, դրա մասին մտածե՞լ եք… Չնայած` չկա չարիք առանց բարիքի, թող ժողովուդը հասու լինի այն ճշմարտությանը, որ քաղաքական դաշտը գրեթե չի տարբերվում անասնաֆերմայից: Եվ վերջապես սովորի դատել ըստ ռեալ գործերի, այլ ոչ թե դատարկ խոսքերի:
… Եվ, տեղացած առաջին առատ ձյունը չհասցրեց ասֆալտը պատել թեկուզ բարակ սպիտակ շերտով: Դեռ օդում, այնքան մուր ներծծեց, որ ամբողջովին սևացավ: Միգուցե ասֆալտի մրջուրն իր հետ քաղաքային կոյուղի տանի նաև մթնոլորտում կուտակված անբարո խաղերի թունավոր լիցքե՞րը: Պարզապես չեմ ուզում հավատալ, որ մեր հանրությանն է վերաբերում Եզնիկ Կողբացու խոսքը. «Խոզի համար կոյաջուրը բաղնիք է»:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
13
- 15:12Ընտրությունները բոցերի մեջ
- 12:00Կիբերհանցագործությունների նախընտրական սև շուկան
- 12:28Նախընտրական համացանցային պատերազմի զինվորներն ու գեներալները
- 18:19Նախընտրական «շուստրիության» ազգային առանձնահատկությունները
- 22:12Վայելենք հայոց աբսուրդի թատրոնը
- 23:08Քաղաքական պուպսիկների ու ընտրացուցակների մասին
- 13:16Ոչինչ նոր չէ ՀՀԿ-ի արևի տակ
- 12:16Այս խելառ, խելառ, խելառ Հայոց աշխարհը
- 14:19Էվոլյուցիոն ճանապարհի ժամանակները
- 10:06Վիրտուալ իրականության երկիր Հայաստանս
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
