Հերթ` հայադավանության համար
Հերթ` հայադավանության համար Նոյեմբեր 12, 2011 | 18:17

Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է դատարկ խնդրով`  ով է հաջորդ պաշտոնանկը: Բոլորը դրանով են զբաղված, ու խոշոր հաշվով, բոլորի զահլան դրանից գնացել է: Բայց խոշոր հաշվով, դրանից բան չի փոխվելու: Բոլորս գիտնք, որ բոլոր դեպքերում ՀՀԿ-ն իր դիրքերը չի զիջելու անկախ ընտրական բոլոր ելքերից: Դա, ինչպես ասում են, մշտական միավոր է: Սակայն իրական հետաքրքիր գործընթացները գտնվում են իշխանական և ընդդիմադիր դաշտերից դուրս: Հետաքրքիր բան է կատարվում հարևան պետությունում` Թուրքիայում, ուր անկանխատեսելի ձևով տեղի է ունենում հայ ազգային ինքնության զարթոնքը:

Եվ այսպես` շարքային մի հարցազրույց: Հարցազրույց տվողը «Ակոս» թերթի համախմբագիր Բագրատ Էստուկյանն է: Մարդ, ով շատ լավ գիտի «թուրքական հասարակություն» կոչեցյալին ինտեգրվելու ձևերը:

Եվ ահա նա «Դելովոյ էքսպրես» թերթին տված հարցազրույցում անդրադառնում է այսպես կոչված «թաքուն հայերի» խնդրին` մեր այն հայրենակիցներին, որ հարկադրված են եղել իսլամ ընդունել, որպեսզի ողջ մնան:

Ըստ գլխավոր խմբագրի` դա մարտահրավեր է, որին դեռևս պատրաստ չենք: «Շատերը կամենում են վերադառնալ իրենց ակունքներին, սակայն մենք դեռևս պատրաստ չենք կողմնորոշվելու` ինչպես վերաբերվենք այդ մարդկանց»,- գրում է Բագրատ Էստուկյանը: Թաքուն հայերը գիտեն, որ իրենց նախնիները հայ են եղել, սակայն չեն տիրապետում հայոց լեզվին և քրիստոնյա չեն: Նրանք հիմնականում ապրում են արևելյան շրջաններում, բայց առավելապես հայտնի են Համշենի և Դերսիմի հայերը: Այդ երկու տարածաշրջաններում հայերը պահպանել են հայկական ինքնագիտակցությունը: Համշենցիները պահպանել են իրենց խոսակցական լեզուն, որ համապատասխանում է 300-400 տարի առաջ եղած խոսակցականին: Իսկ Դերսիմի հայերը կորցրել են լեզուն, սակայն պահպանել են ինքնությունը: Ենթադրելի է, որ թաքուն հայերը հարյուր հազարներ են կազմում: Բավականին հաճախ Ստամբուլի պատրիարքարան են դիմում թաքուն հայերը` կնքվելու խնդրանքով: Բայց ինչքան ես գիտեմ, պատրիարքարանը դրան պատրաստ չէ, կա մտածողության խնդիր: Մարդը գալիս և ասում է. «Իմ անունն Ահմեդ է, բայց պապս Կարապետ էր, իսկ տատս` Մարիամ: Ես կամենում եմ հայ դառնալ»: Ի պատասխան դրա առաջարկում են վերցնել քրիստոնեական գրականություն, կարդալ, հետո քննություն հանձնել և այլն: Ոչ ամեն ոք, առավել ևս գյուղացի, կգնա այդպիսի քայլի»,-նշում է Էստուկյանը:

Այսինքն` ծագումով հայ մարդիկ համարձակվում են մերժել իսլամը (այդ կրոնը ճանաչողները կվկայեն, թե ինչքան դժվար է հրաժարվել դրանից և ինչքան արիություն է պահանջում այդ), գավառական բնակավայրից հասնում են Պոլիս, ու իրենց առաջարկվում է աստվածաբանական քննություն հանձնել, նոր միայն միանալ Հայ առաքելական եկեղեցուն:

Ասա խնդրեմ, Առաքելական եկեղեցու հետևորդ ընթերցող. իսկ դու կարո՞ղ ես այդպիսի քննություն հանձնել: Ապա ինչո՞ւ են այդպիսի քննություն պահանջում քո եղբայրներից Պոլսո պատրիարքարանում: Աստվածաբաննե՞ր են ընդունում, թե՞ հասարակ հայ քրիստոնյաներ:

Հայ մարդուն խանգարում են Հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալ: Ամեն օր` բազում հայորդիների, ովքեր հստակ որոշել են, որ հայ են, ու ուզում են գրողի ծոցն ուղարկել իսլամը և դավաբանորեն նույնանալ հայ եկեղեցու հետ, ուզում են դառնալ հայ քրիստոնյա: Սակայն նրանց մերժում են, պայմաններ առաջադրում: Ինչո՞ւ: Մի՞թե այնքան եք վախենում թուրք իշխանությունից, որ պատրաստ եք ցանկացած կերպով խոչընդոտել վերահայացող մեր հայրենակիցներին …

Ձեզ, պարզապես ասելու բան չունեմ: Երևի ձեր նման սևազգեստների մասին էր ասում Ֆրիդրիխ Նիցշեն, որ դուք կյանքի  ու ցանկացած առաջադիմության թշնամի եք: Հայերը գալիս են ձեզ մոտ հայ կնքվելու, իսկ դուք պատրվակ բերելով քրիստոնեական գրքերը, մերժում եք: Մարդիկ իսլամը մերժելու հոգեբանական սխրանքն են գործում, իսկ դուք զլանում եք նրանց ճանաչել Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Ինչ ասեմ ձեզ` անիծյալ լինեք ձեր ստրկամտության մեջ, հանուն որի պատրաստ եք ապավինել ամենախավարամիտ կղերական գաղափարին: Դուք պատրաստ եք գերազանցել  Եվրոպայի ինկվիզիտորներին, միայն թե համամիտ լինեք ձեր թուրք ստրկատերերի հետ:

Բայց գիտցեք` նա, ով հասել է Պոլսո ձեր դուռը, և ստացել է ձեր կեղծավոր մերժումը, միևնույն է, եկել է, որպես իր հայ լինելը գիտակցող հայ: Ու ձեր կեղծավոր մերժումով նրա հայությունը չեք կասեցնի. Նա այլևս հայ է մեկընդեմիշտ: Միգուցե համառի և հասնի Էջմիածին, միգուցե գերադասի նախնյաց հեթանոս հավատքը: Բայց նա այլևս հայ է` մեկընդմիշտ, ի տարբերություն ձեզ`թուրքահաճո թերմարդուն… Եթե իհարկե գիտակցում եք, որ ապրում եք թերմարդու կարգավիճակում:

Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ

 

16

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր