Հայոց քաղաքական դաշտի «Հելլոուինը»
Հայոց քաղաքական դաշտի «Հելլոուինը» Հոկտեմբեր 29, 2011 | 15:22

Անգլոսաքսոնական աշխարհը հոկտեմբերի վերջին տոնում է այսպես կոչված «Հելլոուինը», կամ «բոլոր սրբերի օրը»: Տոնում է սատանայական, վհուկային կամ այլ դժոխային հանդերձներով, զի հավատալիք կա, որ այդ օրը անդրաշխարն ու այսաշխարհը խառնվում են իրար և, ի դեպ, տոնի անունը ծագում է Hell բառից, որը նշանակում է դժոխք: Ու թեև մեր երկրում Հելլոուին տոնում են հիմնականում ամերիկյան բարքեր ընդօրինակած որոշ երիտասարդներ, և տոնը որպես այդպիսին մեր հանրությունը չի ընդունում, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցան իրադարձություններ, որոնցում հաստատ «սատանայի մատը» խառն է…

Շատերն իրենց հարց են տալիս` էս քաղաքապետը ինչո՞ւ հրաժարական տվեց: Հրաժարականից առաջ էլ քաղաքապետարանի դիմաց դրած մեծ երկնագույն փղի նկարը հայտնվեց Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում… տեսնես այդ ո՞ւմ էր նուրբ ակնարկով «գալուբոյ» անվանում: Ու թեև հետո շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, որ երկնագույն փիղը խորհրդանշում է երկնագույն վառելիքը` այսինք գազը, որի հետ «Գազի Կարենը» առնչվել է ամբողջ կյանքում ու հիմա էլ է շարունակելու առնչվել, զի 300 հազար դրամ քաղաքապետական աշխատավարձը փոխարինելու է 150 հազարանոց աշխատավարձով, բայց դոլարով` «Գազպրոմի» վերնախավում, այնուամենայնիվ, մի բան էն չի: Մանավանդ, որ ինքը` արդեն նախկին քաղաքապետը, նշեց, որ դժվարությամբ է ընդունել հրաժարականի որոշումը, և դա ոչ միանշանակ ընկալվեց և իր ընտանիքի կողմից…

Բավականին ակտիվ խոսակցություններ կային, որ նա ինչ-ինչ շփումներ էր սկսել Ռոբերտ Քոչարյանի ճամբարի հետ, և այդ պատճառով էլ գերադասելի համարվեց գոնե առայժմ նրան փոխարինել ուղնուծուծով հանրապետական Տարոն Մարգարյանով, որպեսզի մայրաքաղաքում ընտրությունների ժամանակ տհաճ անակնկալներ չլինեն: Ճիշտ է, Կարապետյանը միշտ էլ մտերիմ է եղել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն երևի սովորական մտերմությունից առավել ինչ-ինչ բաներ եղել էին: Իսկ դրանց ծագումնաբանությունը մեկն է`ՀՀԿ – ԲՀԿ հարաբերությունների վերջնական հստակության բացակայությունը, գումարած Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի հանգամանքը:

Հարկ է նշել, որ ըստ հանրապետականների, Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա գերազանցել է բոլոր սպասելիքները: Մինչ այդ Սանկտ-Պետերբուգում վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ այնուհետ Մոսկվայում` Սերժ Սարգսյանը հաստատել են, որ Հայաստանը մտադիր է մտնել Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միություն: Ու հենց Եվրասիական միության հանգամանքն է քաղաքական հետնաբեմում ինդիկատոր համարվել` արդյո՞ք Ռուսաստանի փաստացի տիրակալ և ապագա նախագահ Պուտինը անվերապահ աջակցելու է ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին, թե՞ առավել «ռուսամետ» կհամարվի ԲՀԿ-ի թիմը և նրա թիկունքում ուրվագծվող Ռոբերտ Քոչարյանը…

Կարծես թե ամեն ինչ նաև այդ տրամաբանության շրջանակում ակնհայտ էր մոսկովյան այցից հետո. իհարկե,  ՀՀ նախագահը, և իհարկե ՀՀԿ-ն…

Այսինքն` ամեն ինչ գնում էր նրան, որ ԲՀԿ-ն ինքնուրույն խաղի մեջ չի մտնում, ու ամեն ինչ մնում է կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Բայց հանկարծ վարչապետը հայտարարում է երկու բան` որ ով ՀՀԿ-ի հետ չլինի, կարժանանա «կոտրած տաշտակի», ու որ Հայաստանը թերևս մտադիր չէ ընդգրկվել Մաքսային միությունում, քանզի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի: Մինչդեռ հենց Մաքսային միությունն է Եվրասիական միության առանցքային բաղադրիչը… Ստացվում է, որ մի կողմից «կոտրած տաշտակի» մասին խոսքը կոալիցիոն գործընկերներին հղած ուղերձ էր` անհապաղ «ներկայանալ կզարան», մյուս կողմից` ռուսներին հղած ակնարկ, թե` միգուցե Եվրասիական միություն մտնելու հարցով փոշմանենք:

Պարզ է, որ ԲՀԿ-ն պիտի զայրանար: Այսպես, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է. «Հարգարժան վարչապետի ասածին կարելի է արձագանքել աստվածաշնչյան խոսքերով` «զի քո է արքայություն եւ զորություն, եւ փառք հավիտյանս հավիտենից. ամեն»:

Նաիրա Զոհրաբյանն էլ ԱԺ ճեպազրույցին հայտարարեց, որ մտադիր էր պատասխանել վարչապետին, սակայն բավարարվում է վարչապետի խոսնակ Արամ Անանյանի հայտարարության հրապարակումով: Իսկ վարչապետի խոսնակի ասածի իմաստն այն էր, որ Տիգրան Սարգսյանը նկատի չուներ ԲՀԿ-ին և անգամ ԱԽՔ-ի կուսակցությանը:

Հարց է ծագում, թե ո՞ւմ էր հղած «կոտրած տաշտակը», ովքե՞ր պիտի աղերսեին` զտաշտակ մեր հանապազոր տուր մեզ արդյոք… Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, դաշնակնե՞րը, Րաֆֆի՞ն: Բայց նրանք առանց այդ էլ կարծես գլխանց «կոտրած տաշտակի» ասպետ են:

Ու ամենահետաքրքիրը` «իմաստնագույն» Գալուստ Գրիգորիչի հայտարարությունը. «Դա կուսակցության հայտարարություն չէ, դա կարծիք է, որը բխում է կուսակցության գաղափարախոսությունից, կուսակցության տեսակետը հայտնում են կուսակցության նախագահն ու նրա տեղակալները»,-ասել է նա ու ընդգծել, որ համաձայն չի, որ վարչապետը նկատի է ունեցել այն, ինչը խոսակցությունների տեղիք է տվել: Եթե դրան գումարենք նաև այն, որ ԲՀԿ առաջնորդը և ԱԺ նախագանը ՀՀ նախագահի հետ քննարկել են «բացառապես տնտեսական հարցեր», ապա տրամաբանորեն ստացվում է, որ իրականում կանխվել է ներկոալիցիոն պայթյունը, որի համար թեև ռեալ հիմքեր չկային, բայց դրան «մազ էր մնում»: Ի դեպ, Գալուստ Սահակյանի պնդումը, որ « կուսակցության տեսակետը հայտնում են կուսակցության նախագահն ու նրա տեղակալները», հաստատ վերաբերում է նաև Մաքսային միության վերաբերյալ վարչապետական տեսակետին…

Դե ինչ, դա կամ լավ եփած ինտրիգ էր, կամ էլ «տրամադրությունները շոշափելու» ինչ-ինչ գործողություն: Այսինքն` Հելլոուինին լրիվ սազական «սատանայական բան»: Քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ փաստորեն դրա «անիվի» տակ ընկավ, ու «մուֆթա տեղը քոթակ կերանք խնամիս ու ես»:

Հա, քիչ էր մնում մոռանայի ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը: Բոլոր հռետորները ժողովրդին ասում էին, որ սկսում են «ազատամարտ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների դեմ», Նիկոլն իր ձայնը գրեթե խզեց «Սերժիկ, հեռացի՛ր» վանկարկումներով, բայց վերջում եկավ Լևոնը ու հայտարարեց, որ եթե Սերժը հրաժարական չտա, պիտի պատրաստվեն ԱԺ հերթական ընտրություններին, որպեսզի ԱԺ մեծամասնություն վերցնեն և Սերժ Սարգսյանին իմպիչմենթ անեն: Երևի Հելլոուինն է մեղավոր:

ՇաբաթվաՎարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ

9

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր