Սեռավարակներ
Սեռավարակներ Հոկտեմբեր 19, 2011 | 17:05

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) ունեն ինֆեկցիոն ծագում եւ հարուցվում են ախտածին միկրոօրգանիզմներով, սնկիկներով եւ միջատներով: ՍՃՓՎ-ն ինքնուրույն, բուժման բացակայության պայմաններում չեն վերանում: Սովորաբար սեռավարակներով հիվանդանում են ակտիվ սեռական կյանք վարող եւ երիտասարդ տարիքի մարդիկ (15-29 տարեկան):

Ներկայումս աշխարհում ամեն տարի մոտ 300 միլիոն մարդ վարակվում ե որեւէ սեռավարակով: Սեռավարակների ընդհանուր պատկերը շատ կողմերով արտացոլում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաշխարհային միտումները: ՍՃՓՎ ոչ միայն բարձրացնում են ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը, այլ կարող են պատճառել նաեւ պտղի ներարգանդային մահ եւ մեռելածնելիություն, անպտղություն, արտաարգանդային հղիություն եւ պտղի ներարգանդային վարակում: Սիֆիլիսի դեպքում, օրինակ, յուրաքանչյուր երրորդ հղիությունն ավարտվում է պտղի մահով, իսկ ծնված մանուկների կեսի մոտ գրանցվում են ծանր արատներ:

ՍՃՓՎ-ով հիվանդացած կամ հիվանդացող մարդկանց շրջանում, համեմատած ընդհանուր բնակչության հետ, ՄԻԱՎ վարակը հանդիպում է մոտ տաս անգամ ավելի հաճախ, ընդ որում, որքան մարդը հաճախ է հիվանդանում սեռավարակներով, այդքան ավելի է բարձրանում ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը: Բոլոր ռիսկի գործոնները հավի առնելիս պարզվում է, որ սեռավարակի առկայությունը սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը բարձրանում է ոչ ավել, ոչ պակաս, քան 300 անգամ (բնական է, որ խոսքը գնում է ՄԻԱՎ-վարակակրի հետ անպաշտպան սեռական հարաբերության մասին):

Անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ հնարավոր է զուգընկերից վարակվել տարբեր ՍՃՓՎ-ով, այդ թվում՝ ՄԻԱՎ-ով եւ В եւ С հեպատիտներով (այս հիվանդությունները կդիտարկվեն առանձին էջում): ՍՃՓՎ-ի մի մասը կարող է փոխանցվել նաեւ այլ ճանապարհներով (օրինակ, սիֆիլիսը՝ մորից երեխային հղիության ընթացքում, տրիխոմոնազը եւ ցայլային ոջիլը՝ ընդհանուր օգտագործման վարակված պարագաներով եւ այլն:

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ եւ ՍՃՓՎ

Թմրամիջոցները, առաջացնելով օգտագործողի գիտակցության փոփոխություններ, առաջ են բերում սեռավարակներով հիվանդանալու ռիսկի բարձրացում: Սա կարելի է բացատրել այն փաստով, որ թմրամիջոցների (ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքների) ազդեցության ներքո անհատը դրսեւորում է սեռավարակների նկատմամբ ռիսկային վարք (անպաշտպան սեքս), բարձրանում է նրա ինքնավստահությունը եւ հեշտացնում սեռական հարաբերությանն ուղղված ակտիվությունը: Որոշ թմրամիջոցներ (օրինակ՝ կոկաինը, քրեքը եւ այլ հոգեխթանիչներ) միեւնույն ժամանակ բարձրացնում են նաեւ սեռական հակումը:

ՍՃՓՎ-ի ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ

- Օգտագործե՛ք պահպանակ բոլոր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ: Օգտագործեք միայն հայտնի արտադրողների արտադրանքը (Unimil, Durex, RFSU, Masculan եւ այլն): Ստուգեք պիտանելիության ժամկետը եւ տուփի հերմետիկությունը (երկու մատներով թույլ սեղելով տուփը, համոզվեք որ այն չի պարունակում օդ): Բացեք տուփը զգուշությամբ, այնպես, որ չվնասեք պահպանակը: Ստուգեք, թե որ ուղղությամբ է բացվում պահպանակը: Մի ձեռքի մատներով պահելով պահպանակի գագաթը (որպեսզի այնտեղ օդ չմտնի), հագցրեք պահպանակը միայն էրեկցված առնանդամի վրա, առանց բաց թողնելու պահպանակի գագաթը: Սերմնաժայթքումից անմիջապես հետո, մինչեւ անդամի փափկելը, Ձեր զուգընկերոջ հեշտոցից դուրս հանեք անդամը եւ զգուշությամբ հեռացրեք պահպանակն այնպես, որ նրա պարունակությունը չթափվի դուրս: Անալ հարաբերությունների ժամանակ անհրաժեշտություն կառաջանա օգտագործել հատուկ անալ պահպանակներ, որոնք ավելի ամուր են եւ ավելի շատ օծված խոնավացնող եւ այլ նյութերով: Որոշ փաստեր մեզ ստիպում են հիշեցնել, որ մեկ պահպանակը պետք է օգտագործել միայն մեկ անգամ:

- Խուսափե՛ք սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություններից:

- Մի՛ հաստատեք սեռական հարաբերություն ՍՃՓՎ-ի հիվանդացության նկատմամբ բարձր ռիսկային խմբերի ներկայացուցիչների հետ՝ կոմերցիոն սեքսի ներկայացուցիչներ, անօթեւան անձինք, ազատ սեքսի ներկայացուցիչներ եւ այլն:

- ՍՃՓՎ-ի կասկածի կամ առաջին նշանների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, որովհետեւնման դեպքերում վարակը կարող է քրոնիկանալ կամ բարդանալ: Մասնագիտական պատշաճ հսկողությունից դուրս մնալու եւ /կամ ինքնուրույն բուժման փորձարկումների դեպքում հիվանդության ընթացքն աղավաղվում է, իսկ ախտորոշումը՝ դժվարանում: Դիմե՛ք սեռավարակաբանին: Նկատի ունեցեք, որ ժամանակին դիմելու դեպքում ստորեւ նկարագրված սեռավարակները հեշտությամբ բուժվում են: Հիշեք, որ սեռավարակաբանական խորհրդատվության եւ համապատասխան բուժման կարիք կունենան նաեւ Ձեր սեռական զուգընկերները:

 

62

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր