Նախագահն այցելել է
Նախագահն այցելել է Օգոստոս 28, 2011 | 14:00 Լուսինե Վայաչյան

Այսօր Ծաղկաձորում անկացվող «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովի մասնակիցներին  անակնկալ այցելել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա ելույթ է ունեցել քննարկման ժամանակ և ի պատասխան գիտնականների պահանջի ասել է, որ բոլոր ոլորտներն էլ ունեն իրենց խնդիրները, յուրաքանչյուրն իր ցավն է դեմ տալիս, և  որպես ավելի ռացիոնալ տարբերակ առաջարկել է  ոչ թե հենց այս պահին պահանջել ֆինանսավորման ավելացում, այլ վերակազմավորել ներսում եղած ռեսուրսներն ու ավելի արդյունավետ օգտագործել, տեսնել անհրաժեշտություն կա՞ արդյոք այդքան համարյա չգործող գիտական հաստատությունների և այդ հաստատությունները աշխատում են ամբողջովի՞ն, թե ուղղակի հաստատություններ կան, որոնք թղթի վրա են: Պետք է վերահսկել այսօր տրամադրվող ֆինանսների կառավարումը և տեսնել արդյո՞ք դրանք ճիշտ են կառավարվում, այնուհետեւ վերաբաշխել։

Արեգ Միքայելյան (ֆ-մ, գ.դ., ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան) առաջարկել է ՀՀ նախագահին իր սեփական ֆոնդից աջակցություն ցուցաբերել գիտնականներին ու ջանքեր գործադրել գիտնականի վարկանիշը բարձրացնելու համար։

Նախագահը պատասխանել է, որ հասարակության մեջ եղել են դեգրադացիոն պրոցեսներ և դրանք մեկ տարում կամ տասը տարում վերացնելը հնարավոր չէ. գիտնականի վարկանիշի անկումն էլ իր հերթին կապված է հասարակության վերաբերմունքի հետ։

Այնուհետեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանն է դիմել  Նախագահին այն հարցով, որ վիրավորում է նրան. գիտնականի աշխատավարձը մոտ երեք անգամ ցածր է հանրապետական միջին աշխատավարձից։ Գիտնականը խնդրել է ուշադրություն դարձնել այդ հարցին և վերանայել թվերը այս տարվա բյուջեի քննարկումներում։

Նախագահը պատասխանել է որ` իհարկե բարձր պետք է լինի գիտնականի աշխատավարձը, և ոչ միայն գիտնականի, բայց այդ ամենը արագ լուծվող հարցեր չեն և պետք է դիտարկել ընդհանուր իրավիճակի մեջ։

Վերջում Նախագահը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել նախաձեռնության հետ, նաև հավելել, որ իր աջակցությամբ առանձին ֆոնդ կստեղծվի երիտասարդ գիտնականներին աջակցելու համար։

Հիշեցնեմ, որ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որը սոցցանցերում գործող ամենալայնածավալ նախաձեռնությունն է, և առայժմ` ամենաարդյունավետ։

 

7

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր