Ովքեր հիմար են՝ ստրուկ կդառնան
Ովքեր հիմար են՝ ստրուկ կդառնան Օգոստոս 26, 2011 | 23:09 Լուսինե Վայաչյան

Եսենիայի մոտ գնացինք ընկերուհուս հետ, ում Թիֆլիսում փողոցային գնչուհին հաջողություններ էր կանխատեսել ու ասել, որ եթե իր գլխից պոկած մազը չփաթաթի իր տարած թղթադրամի մեջ, հաջողություն չի ունենա: Ժամանակ չէր գտել թղթադրամը տանելու: Որոշեցինք այցելել Եսենիային, քանի որ ընկերուհիս ինչ-որ վախ ուներ էդ դեպքից հետո: Եսենիան մեզ ասաց, որ գնչուհին ընդամենն ուզեցել է «փողերը ցրել», ոչ մի լուրջ բան չկա՝ հերթապահ բաներ է ասել, որոնք ամեն մեկին էլ կարելի է ասել, ու բոլորին էլ կհամապատասխանի:

Եսենիան շատ հմայիչ կին է, տարիներ առաջ ամուսնացել է հայի հետ և եկել Հայաստան: 19 տարեկանում կորցրել է ամուսնուն ու էլ երբեք չի ամուսնացել: Մեծ թոռը 17 տարեկան է, բայց տեսքից նրան նույնիսկ փոքր թոռ ունեցողի տեղ չես դնի, էնքան որ ջահել է: Գիրք է գրել, որով զգուշացնում է չընկնել աղանդների ու գուշակների թակարդը, ասում է, որ կա երկու տեսակի մագիա` սև ու սպիտակ, սպիտակ մագիան շատ հազվադեպ է և հայտնի է միայն հնդկացիներին ու գնչուներին, մնացածները՝ խաբեբաներ են: Մարդկանց օգնում է երկու ձևով՝ գուշակությամբ կամ հոգեբանական զրույցներով: Ինքն իր մասին ասում է.

-Ես գնչուհի Եսենիան եմ, 37 տարի է պարում եմ, երգում ու բախտ նայում: 4 տարի է բեմը թողել եմ, միայն հարսանիքների ու բանկետների եմ գնում, ունեմ երկու երեխա, հինգ թոռ, միայնակ կին եմ՝ այրի:

- Ի՞նչ կատեգորիայի մարդիկ են գալիս ձեզ մոտ:

- Ամեն կատեգորիայի, բացի պրեզիդենտից, էն էլ երևի տեղս չգիտի: Իսկ գուշակության բնույթի մասին ասեմ, որ վերջերս շատ են գալիս երիտասարդներ` 15-16 տարեկան, բերում են ծնողների նկարներն ու ասում` մեր պապան սիրած ունի, գնացել ա, հետ բերեք նրան: Դա շատ ցավալի ա: Դա ի՞նչ սրբապղծություն ա, երբ կինը գալիս ա, ասում ա` սիրածիս էնենց արա` հետս մնա, թեկուզ ընտանիք ունի, մեկ ա` կնոջը չի սիրում, մնում ա երեխեքի խաթեր: Բա ո՞նց կարելի ա տենց բան անել, երեխեքին հորից զրկել: Բա դա կմարսվի՞: Ախր ամեն ինչ բումերանգի նման հետ ա գալիս, այ ժողովուրդ ջան: Սիրում եք` սիրեք, ինչի՞ եք պղծում, ընտանիք քայքայում…

Իսկ գալիս են հիմնականում սոցիալական պրոբլեմների մոմենտով. ասենք՝ ֆինանսական վիճակը լավ չի, գալիս են` խորհուրդ հարցնեն: Նաև վախ քաշելու են գալիս ու առողջական պրոբլեմներով: Սովետի ու հիմիկվա տարբերությունը ֆինանսն ա: Սովետի վախտ սերն էր ու առողջությունը, էն վախտ ոչ մեկը սեփականություն չուներ: Մինչև Գորբաչովը սովետ էր, հետո՝ էլ չէ, սովետը փլուզվեց, ու լիքը բան տարավ հետը: Մարդկանց հոգևորը տարավ սովետը, մնացին ֆինանսներ ու պրոբլեմներ: Սովետը ամոթ ա ունեցել, նամուս-պատիվ ա եղել: Հիմա միամիտ ու մաքուր չեն, 5 տարեկան երեխային հարցնում ես` ինչ ես դառնալու, ասում ա՝ հարուստ մարդ: Էդ ա հիմա: Ինչ վերաբերումա անձամբ ինձ, էդ փլուզումն ինձ չի խանգարում, ես ոնց սովետի վախտ էի երգում-պարում, բախտ նայում, նույնն էլ` հիմա, չնայած հիմա էլ ռեստորաններում էդքան չեմ երգում, առողջականս չի ներում, բայց էլի՝ հարսանիքներ, ծնունդներ, բանկետներ գնում եմ իմ խմբի հետ: Մենք էստեղ գնչուական համայնք չունենք, երկու հոգով համայնք չի լինում, ես եմ ու Ռոման:

- Դուք շատ երիտասարդ եք երևում, շատ լավ եք պահպանվել, ո՞րն է գաղտնիքը:

- Ճիշտն ասած, ոչ մի գաղտնիք էլ չգիտեմ, պարզապես թարմ եմ մնացել, որովհետև ամբողջ կյանքում ծիծաղում եմ, ծիծաղը թարմություն է բերում: Լիովին երջանիկ մարդ չկա, լիովին առողջ էլ չկա, նույնիսկ բժիշկը, որ միլիոնավոր կյանքեր է փրկում, երբեմն իր տան անդամին չի կարողանում փրկել: Վերցնենք պրեզիդենտին կամ միլիոնատիրոջը, բոլորին թվում է, թե նրանք պրոբլեմ չունեն, էդպես չի, նրանք ավելի շատ պրոբլեմ ունեն: Բացարձակ երջանկություն գոյություն չունի, ուղղակի մարդ պետք է խելացի լինի ու երջանիկ պահերը վայելի: Ծեր մարդ չկա, կա ծեր մարմին, մեր մարմինն էլ մեր ծնողներից է, որոնք նույնպես ծերացել են, իսկ հոգին Աստծունն է` չի ծերանում:

- Էսօրվա երկրի վիճակի մասին ի՞նչ կասեք, գուցե ինչ-որ բա՞ն առաջարկեք մեր մեծամեծներին:

- Ես կխոսամ որպես ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի մեջ մեծացած մարդ ու ժողովրդի անունից՝ որպես մայր, տատիկ ու քաղաքացի: Դպրոցները խայտառակ վիճակում են: Եւ ի՞նչ պետք է ստանա երեխան այսօրվա դպրոցից: Իմ թոռնիկներն էլ են դպրոց գնում, ու ես տեսնում, եմ, որ էդ ավելորդ ծանրաբեռնվածությունը երեխաներին միայն վանում է դպրոցից: Տարրական դասարանների դասագրքերն էդ ինչ մատերիալից են, որ երեխան 4-5 հատ գիրք ա դնում պայուսակի մեջ ու չի կարողանում քայլել: Դասերն էլ էնքան շատ են, որ սովորող երեխան ահավոր հոգնում ա:

Կամ էդ ավագ դպրոցները: Մտածո՞ւմ են, թե մեր մենթալիտետով երկրում, ուր մայլա, թաղ հասկացողություն կա, երեխեքին անցման շրջանում տարբեր տեղերից հավաքում են, բերում գցում մի դպրոց: Դրանք էլ իրար մեջ կռվում են, էլ ինչ ասես չեն լինելու էդ դպրոցների պատճառով՝ բռնաբարություններ, կռիվներ, ռազբորկաներ, նարկոտիկներ… Լավ բան չի դա, երեխայի էդ դժվար տարիքում սովոր շրջապատից կտրեն` տանեն ուրիշ տեղ: Էդ ավագ դպրոցը դժբախտություններ ա բերելու:

Անհատ պարապողներին փող տալու փոխարեն, թող բացեն առաջվա պրոֆտեխուսումնարանների պես մի բան, քոլեջներ, ասենք, որտեղ համ մասնագիտություն ձեռք կբերեն, համ էլ կորոշեն` ինչ են ուզում անել հետագայում: Հիմա երիտասարդների արժեքներն են փոխվել, հիմա սերը չի կարևորը, փողն ա…

Կամ որ` բժշկականի ուսանողին բանակ են տանում: Պատկերացնու՞մ եք, բժշկականի գիտելիքն ի՞նչ ա, դա էն ա, որ հետո պետք ա կյանք փրկի, իսկ ուսանողին վերցում են, տանում բանակ, երեխան մոռանում ա, կտրվում ա ուսումից ու հետո ի՞նչ բժիշկ պետք ա դառնա: Կամ էդքան բժիշկ ինչի՞ ես պատրաստում, եթե պահանջարկ չկա: Ստաժավորներին հիմա էլ հանում են, ասում են` մեծ են, տեղը դնում են ջահել կիսագրագետներին: Բժիշկն ու դասատուն պետք ա մաքրամաքուր լինեն, նրանցից ա կախված ազգի առողջությունը. բժիշկներից՝ ֆիզիկական, դասատուներից՝ հոգեկան:

- Լավ, բա Հայաստանի համար մի լավ բան չեք ասո՞ւմ, Եսենիա:

- Ի՞նչ ասեմ, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում, եթե չդադարենք ամեն տեղ ցեղասպանություն գոռալ: Մեր հայրենակիցներն ապրում են մուսուլմանական երկրներում, մի օր էլ պատերազմ կսկսվի, Ավետարանում ասված քրիստոնյա-մուսուլմանական պատերազմը էստեղ ա սկսվելու, եթե չդադարենք էդքան ցեղասպանություն շահարկել: Մի հատ մտածեք, էդ ինչի՞ են հրեաների Հոլոքոստը սաղ ընդունում, մերը չեն ընդունում: Որովհետև հրեաները իրանք չեն գոռում դրա մասին, իրանք նենց են անում, որ մնացած ողջ աշխարհը դա պահանջի: Ես եթե մեր պրեզիդենտի տեղը լինեի, նոր դուշմաններ չէի հավաքի, Ղարաբաղը մերն է` չէի գոռա ու ղարաբաղցիներին տեղահան անեի… Այլ լեզու կգտնեի, որ էն տարածքները, որ իրանք «հարամ» են անվանում` տան մեզ, մենք էլ լիքը անտուն մարդ ունենք, բաժանենք նրանց: Ես թուրքերից հաստատ փող չէի ուզի, էսօրվա օրով շատ դժվար կլինի հաստատել, որ ինչ-որ հայ ունեցվածքի տեր ա եղել: Թող «հարամ» հողերը տան ու բարիշենք, հարևանների հետ չի կարելի հավերժ խռով ու թշնամի մնալ:

- Իսկ ի՞նչ անենք ներքին թշնամու հետ, որը անտարբերությունն ու անհանդուրժողականությունն է` ըստ իս: Ձեզ համար ի՞նչն է հային քայքայողը: Մենք կունենա՞նք վերջապես լավ ղեկավար: Ո՞ր պրեզիդենտի կողմն եք Դուք:

- Ոչ մի բան չենք կարող անել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց լավ բան չեմ տեսնում: Մեր ամենամեծ թշնամին մեր պառակտվածությունն է: Ինչպես էն հեքիաթում, որտեղ հայրը ամեն որդուն տալիս է ավելի մի ճյուղ, ու նրանք հեշտությամբ ջարդում են, ու չեն կարողանում ջարդեն ավելն ամբողջովին: Մենք միասնական չենք, դրա համար էլ դեռ պատրաստ չենք: Քանի գնում, ճգնաժամը խորանում ա, երբեք չի անցնելու, քանի գնում` ստրուկները շատանում են: Լավ կլինի էն վախտ, երբ սովետը հետ գա, իսկ դա չի լինի իհարկե: Դե, սովետ ասելով` նկատի ունեմ սոցիալական քիչ թե շատ հավասարությունն իհարկե:

Իսկ թե որ պրեզիդենտի կողմն եմ… Նրա, ով իսկապես ժողովրդի մասին կմտածի: Ի՞նչ ասեմ, փոխանակ գոնե փոքր ու միջին բիզնեսին հարկային թեթև դաշտ տրամադրեն, որ մարդիկ կարողանան աշխատել, հարկերն են բարձրացնում: Մարդը հացի փուռ էր դրել, ապրում էր, հիմա չի կարողանում: Ալյուրը, շաքարը, ձեթը թանկացրել են, ո՞վ ա թանկացրել, երբ համաշխարհային շուկայում չի թանկացել: Չգիտեմ, իմ իմացած ոչ մի պրեզիդենտ ժողովրդի մասին չի մտածում:

- Ասում են, 2012 թվականին ինչ-որ երկնային մարմին է բախվելու երկրագնդին, ու գալու է աշխարհի վերջը, ի՞նչ կասեք սրա մասին:

- 2012թ. աշխարհի վերջը չի գալու, մի հավատացեք, փողերը ցրիվ մի տվեք, մի պատ շարեք, մի գործ դրեք, փող հետ գցեք, որ ապրեք: Մի խաբվեք. ովքեր հիմար են՝ ստրուկ կդառնան:

154

5 Responses to Ովքեր հիմար են՝ ստրուկ կդառնան

  1. Yeva says:

    Շատ կցանկանայի Եսենիայի հետ հանդիպել: Կարող եք կոնտակտային ինֆորմացիա տալ?
    Շնորհակալություն

  2. son says:

    barev dzez,xndrumem Eseniayi HERAXOSAHAMARY UXARKEQ

  3. Apmen says:

    Eseniayi heraxosi hamar@ kam tan hascen greq eli.shat petqa

  4. HEXINE says:

    barev cez karox eq gnchuhi Eseniayi hascen uxarkel

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր