Բարև, ի՞նչ կա-չկա, ո՞նց եք…
Բարև, ի՞նչ կա-չկա, ո՞նց եք… Օգոստոս 11, 2011 | 3:06 Լուսինե Վայաչյան

- Բարև, ո՞նց ես, ի՞նչ կա-չկա:

- Բարև, յոլա, քո մո՞տ:

- Ես էլ յոլա` ոնց բոլորն էլի…

Ու տղամարդկանց դեպքում` ձեռքսեղմում կամ ողջագուրում ու պաչիկներ, պաչիկներ պաչիկներ` հանդիպելիս, բաժանվելիս, նույնիսկ` «առայժմ» ասելիս:

Եթե Հայաստանում մենք հիմնականում բարևում ենք սենց, ապա ինչպե՞ս են ողջունում իրար տարբեր երկրներում: Ու էլի մի հարց, որ ինձ հետաքրքրում է. արդյո՞ք բոլոր երկրներում են հայերի նման համբուրում իրար ողջունելիս ու բաժանվելիս, ու ինչպե՞ս են դա անում: Չէ, նենց չի, որ ես դեմ եմ պաչիկներին, բայց ըստ սովորության արդեն դառել է նենց, որ ողջագուրվում ու համբուրվում ենք ոչ միայն մտերիմների ու բարեկամների հետ, դա դառել է էթիկետի մաս, մխրճվել է մեր առօրյան: Ինչ-որ սովետի վախտերով ես էդքան պաչպչոց չէի տեսնում, ոչ էլ մասնակցում էի, կամ գուցե փոքր էի… Բայց չէ, չի եղել սենց, նոր է դառել:

Լավ, տեսնենք ո՞նց են ողջունում իրար տարբեր երկրներում:

Ռուսները իրար ասում են`«Здравствуй», այսինքն` մաղթում են առողջություն: Գերմանացիք նայած օրվա որ ժամին են հանդիպում, ասում են` «Բարի առավոտ, օր ու երեկո», չնայած կարան եւ բավարարվեն ժամանակակից «Hallo»-ով:

Եվրոպական երկրների մեծ մասի բնակիչներն ու ամերիկացիք հարցնում են`«Ո՞նց են գործերդ», ու ստանում են սովորաբար «լավ» կամ «նորմալ» պատասխանները, «վատ» պատասխանելը անշնորհքություն է համարվում, հետո ստանում են պատասխան հարցը:

Մալազիայում հարցնում են` «Ո՞ւր ես գնում», ու ստանում են սովորաբար «ման գալու» պատասխանը:

Հրեան մաղթում է` «Խաղաղություն Ձեզ», պարսիկը`«ուրախ եղիր», Գրենլանդացիք` «լավ եղանակ է»: Ռուսները, եվրոպացիք, ամերիկացիք ողջունելիս իրար ձեռք են սեղմում, դրանով ցույց տալով, որ իրենց ձեռքին զենք չկա ու մտադրությունները մաքուր են:

Ֆրանսիայում ոչ պաշտոնական միջավայրում նույնիսկ անծանոթ մարդիկ են համբուրվում հանդիպելիս ու բաժանվելիս: Ճիշտ է, դա էնքան էլ համբույր չի, նրանք ուղղակի հպվում են իրար թշերով ու մի հինգ-վեց հատ օդային համբույր են ուղարկում իրար:

Էմոցիոնալ լատինոամերիկացիք սիրում են ողջագուրվել: Սառչող լապլանդացիք քթերով իրար են քսվում: Մարդամոտ ճապոնացիները խոնահվում են երեք տեսակներից մեկով` ամենացածրով, միջինով` մոտ 30 աստիճանի տակ, կամ թեթև: Չինացիներն էլ են խոնարհվում, բայց ձեռքերը մարմնի երկայնքով տածած վիճակով:

Հնդկաստանում որպես ողջույնի նշան ձեռքերը միացնում են իրար ու հարգանքով սեղմում են կրծքին: Արաբները ձեռքերը խաչում են կրծքին: Սամոացիք իրար հոտոտում են: Խորհրդավոր տիբեթցինեը հանում են գլխարկները աջ ձեռքով, իսկ ձախը դնում են ականջի հետեւն ու հանում լեզուները: Զուլուսցիները զարմացածի նման գոչում են` «Էս ո՞ւմ եմ տեսնում»:

Ոնց ասես, որ չեն ողջունում: Մի շարք աֆրիկյան երկրների ներկայացուցիչներ թքում են նույնիսկ իրար վրա հանդիպելուց, բայց դա բնավ արհամարհանքից չի, ոնց որ մեզ մոտ, այլ շատ խորը հարգալից վերաբերմունքի:

Ամեն երկիր իր ավանդույթներն ունի, բայց կան ընդհանուր բարեկրթության նորմեր, օրինակ, որ երկրում ուզում է լինես, ինչ լեզվով ուզում է խոսես, անշնորքություն է թքել հյուրի ներկայությամբ, շրջվել մեջքով` բարևելուց հետո: Անշնորհքությունը մնում է անշնորհքություն, իսկ այ բարկիրթ պահվածքը փոխվում է` ազգից ազգ, լեզվից լեզու:

Ուզբեկը կամ տաջիկը երբեք չի սկսի խոսել անմիջապես գործից: Սկզբում նա հարցեր կտա ընտանիքից, առողջությունից, և այլն: Հայերս ավելի շատ հարցնում ենք ոչ էնքան դիմացինի որպիսության մասին, որքան ծնողների ու երեխաների առողջության:

Կաբարդինների մոտ հակառակը` տենց հարցեր տալն անշնորհքություն է:

Բրազիլիայի հնդկացիների մոտ սենց օրենք կա` եթե ինչ-որ մեկը գնում է, նա պետք է մեկ առ մեկ մոտենա բոլոր ներկաներին, ինչքան մարդ ուզում է լինի, ասելու` որ ինքը գնում է, ու ստանալու պատասխան. «Գնա»: Երբ էլի վերադառնում է, էլի ամեն մեկին մոտենում է ու ասում` «Ես եկա», նրան ասում են` «Հա»:

Չինաստանում, երբ որ ծանոթները հանդիպում են, իրար ողջուելուց հետո ռեպլիկներ են փոխանակում. «Հաց կերել ե՞ս», «Դեռ չէ»: Եթե մարդ է տուն գալիս, չինացին անպայման առաջարկում է նրան հաց ուտել, ու նույնիսկ ստիպում է, ոչ թե առաջարկում: Բայց հյուրը պիտի ձեւեր թափի, չեմուչում անի: Ոնց որ հայերիս մոտ` երեք անգամ ասում ենք «Չէ», հետո համաձայնվում:

Ճապոնացինիների մոտ ընդունված է զրուցակցի մասին չափազանցված լավ բաներ ասել, ասենք` ոչ թե «ձեր անունը», այլ` «ձեր հարգարժան անունը», կամ «ձեր բուրումնավետ անունը»:

 

Հիմա անցնենք ամենահետաքրքիրին` պաչիկներին:

Հանդիպելիս համբուրվելու սովորույթը  հին արմատներ ունի` մարդիկ «հոտոտում» էին իրար, տենց իրար մասին ինֆորմացիա ստանալով: Մենք ինգորմացիա էլ տենց չենք ստանում, բայց սովորույթը մնացել է ոնց տեսնում եմ` շատ-շատ տեղերում:

Տեսնենք որտեղ ոնց են համբուրում իրար հանդիպելիս ու բաժանվելիս:

Ավստրիայում ընկերներին հանդիպելիս բավական է ամեն թշից մի անգամ պաչել:

Այ, իսկ գերմանացիք մենակ մոտիկների հետ են պաչում իրար, մնացածների հետ մենակ ձեռք են բռնում: Տենց են անում նաև Անգլիայում, նույնիսկ ձեռքսեղմումն են զեղչել` գլխով են անում:

Ֆինլանդիայում էլ է նման պատկեր` ընդեղ ընդհանրապես ընդունված չի պաչպչվել ծանոթների հետ: Մեծերը` նկատի ունեմ հասուն մարդիկ, սովորաբար ուղղակի խոսքով բարևում են իրար ու վերջ: Ֆիննական մտածելակերպը մերժում է ձեռքսեղմումը, էդ զգացմունքներից ժլատ ժողովուրդի մոտ պաչիկները մենակ ջահելների մոտ են հարգի:

Հոլանդիայում ընդունված է համբուրվել երեք անգամ` սկզբում աջ թշից, հետո` ձախ, հետո էլի աջ: Հենց նենց, պատճառ ու անպատճառ համբուրվում են հոլանդացիք աջուձախ: Ամենացանկալի ու թանկ հյուրերին հատուկ «պատիվ են տալիս»` ինչքան շատ են պաչպչում, էնքան ուրեմն ավելի շատ են սիրում ու հարգում: Հատկապես հարսանիքներին` մի 150 հոգի մարդ, ու ամեն մեկը պետք է հարսին պաչպչի: Փեսայի գործը հեշտ է, հոլանդիայում համբուրվում են միայն գեյերը:

Իսպանիայում ընդունված է համբուրել թե քիչ թե շատ ծանոթ ամեն մեկին, թե նրա հարազատներին ու ընկերներին, եթե նրանք մոտակայքում են: Ու դա նրանք անում են ամեն տեղ` փողոցում, խանութում, գործի վայրում:

Ֆրանսիայում համբուրվում են բոլորը: Եթե մեծամասամբ եվրոպական երկրներում ընդունված է համբուրել թշից երկու անգամ, ապա փարիզեցիք դա անում են չորս անգամ` սկսում են ձախ թշից ու հերթվ պաչում են երկուսն էլ: Բայց պարտադիր չի չորս անգամ, դա սենց ասած` գավառական սովորույթ է: Ով ոնց սովորել է երեխա ժամանակվանից` մեծահասակների հետ չորս անգամ են համբուրվում, ջահելների` երկուական օդային պաչիկ թշին մոտ:

Հունգարիայում երկու անգամ են պաչում, բայց մենակ ծանոթներին ու ընկերներին: Գործի տեղում, կամ այլ նման կարգի տեղերում ընդունված չի:

Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում և այլ արեւելյան երկրներում հակառակն է. Համբուրվել, ինչ եմ ասում, նույնիսկ ցույց տալ զգացմունքներդ հասարակական վայրերում ընդունված չէ: Էդ երկրներում հայտնվել է հատուկ տեսակի` «ճապոնական համբույր»` պետք է խոնարհվել դեմ հանդիման իրար առանց շրթունքները բացելու, մի վայրկյանով կպնել իրար ու արագ հետ կանգնել, ասես վախենան, որ իրանց կբռնացնեն:

Չեն ողջունվում համբույրները նաեւ Հնդկաստանի հասարակական վայրերում: Դա արգելված չի, բայց ամուսնական զույգի անձնական կայնքում: Էս երկրում համարում են, որ թքի փոխանակման ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգիներով:

Աֆղանստանում ոչ մեկին համբույրներով չես զարմացնի: Ճիշտ է, երեք անգամ ձախ այտի համբույրը զուտ տղամարդկանցն է: Աֆղան կանանց փողոցում ոչ ոք չի կարա ստիպի համբուրվել, չեմ էլ պատկերացնում փարաջայի միջով դա ոնց կստացվեր, եթե ընդունված էլ լիներ:

Այ տաքարյուն իտալացիք վախենում են ոչ սիրային համբույրներից, նրանց մոտ ընդունված է նույնիսկ թշից համբուրել միայն շատ մոտիկներին: Մնացածի հետ ուղղակի ողջագուրվում են:

Ամենահետաքրքիրը էս համբույրներից «Էսկիմոսական համբույր»-ն է: Ասում են, որ հյուսիսում էնքան ցուրտ է, որ նրանք վախենում են շուրթերը սառցահարեն, դրա համար էլ որպես ողջույնի նշան քթներն իրար են քսում: Իրականում դա ամենաիսկականն է` եթե համբուրելը ի սկզբանե հոտոտելու համար էր ստեղծված…
Հանդիպենք, բարևենք, ողջագուրվենք, հալ հարցնենք իրար` սովորույթի համաձայն, բայց  և սրտանց:

9

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր