Մեծ աղմուկ` մի ելույթի առթիվ
Մեծ աղմուկ` մի ելույթի առթիվ Հուլիս 27, 2011 | 17:19 Սուրեն Սուրենյանց

Մեր տարածաշրջանի երկրների ղեկավարներին բնորոշ է կոնյուկտուրային տուրք տալու, պոպուլիստական հայտարարություններով հանդես գալու վարքագիծը: Հատկապես արտաքին քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցերում նրանք շատ հաճախ տեղի են տալիս հասարակական տրամադրություններին` ժողովուրդներին ոչ ստանդարտ լուծումների նախապատրաստելու փոխարեն:

ԼՂ կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հաճախ է փոխում մոտեցումները` խաղաղության կողմնակցից մինչև կարծր դիրքորոշման տիրույթում:

Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Մասնակիցներից մեկը նախագահին ուղղեց հետևյալ հարցը. «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ»:

Ըստ իս, Սերժ Սարգսյանը այդ հարցին տվեց հնարավորինս չքաղաքականացված, զուսպ պատասխան: «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Ըստ այդմ, Սարգսյանն այս պատասխանով երկու շեշտադրում է կատարել.

  1. շեշտել է, որ իր սերունդը հաղթանակ է տարել մեզ պարտադրված ղարաբաղյան պատերազմում,
  2. «Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին» նախադասությամբ ձևակերպել է ուժեղ պետության իր պատկերացումը` ակնարկելով, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Թուրքիայի հանդեպ: Գոնե նման խնդիր ձևակերպված չէ մեր արտաքին քաղաքականության օրակարգում:

Ըստ այդմ, բավականին զարմանալի էր այս ելույթի առթիվ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած բավականին կոշտ հայտարարությունը: «Պետական գործիչների հիմնական գործը պետք է լինի այն, որ նրանք իրենց հանրության և հատկապես երիտասարդ սերնդի համար պատրաստեն խաղաղությամբ և բարօրությամբ լեցուն ապագա: Սակայն դրան բոլորովին հակառակ մոտեցմամբ ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն սերմանելու ձևով երիտասարդներին և ապագա սերունդներին խորհուրդներ տալը ծայրաստիճան անպատասխանատու գործելաոճ է»,- նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Հայտարարությունում նշվում է նաև, թե այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված փնտրտուքները թափ են հավաքում, Սերժ Սարգսյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա խաղաղության համար աշխատելու նպատակ չունի:

Այնպիսի տպավորություն է, որ Անկարան շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և առիթի էր սպասում` պատասխանատվությունը հայակական կողմի վրա գցելու համար: Համենայնդեպս, թուրքերի արձագանքը բացարձակապես ադեկվատ չէր նախագահ Սարգսյանի ելութի տոնայնությանը:

 

 

5

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր