Երկխոսությունը պետք է կանխի Մարտի 1-ի կրկնությունը
Երկխոսությունը պետք է կանխի Մարտի 1-ի կրկնությունը Հուլիս 21, 2011 | 16:47 Սուրեն Սուրենյանց

Այսօրվա ասուլիսում ՀՀԿ խմբակցության անդամ, երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը հիշեցրել է Մարտի 1-ը և ընդգծել, որ եթե այդ օրերին մենք ունենայինք երկխոսելու այս հարթակը, չէինք կանգնի ծանր հետևանքների առջև՝ որ ունեցանք:

Միանգամայն ճիշտ դիտարկում է, սակայն երեք տարվա հեռվից հեշտ է գնահատականներ տալ իրադարձություններին:

Մարտի 1-ը հետևանք էր կոնկրետ հանգամանքների, որոնցից կառանձնացնեի հատկապես երկուսը:

Առաջին, այն օրերի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում ստեղծել էր անտագոնիստական համակարգ, որը երաշխավորում էր նրա իշխանության պահպանումն ու վերարտադրությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս քաղաքականություն վերադարձավ արմատական կարգախոսներով: Երբ ողջ ընտրարշավն ուղեկցվում է «ավազակապետություն» և «քիրվայություն» փոխադարձ որակումներով, դժվար է ռացիոնալ արդյունք ակնկալել:

Երկրորդ` կարևոր է ընտրությունների որակը. երբ տեղի են ունենում բռնություններ, լցոնումներ, քաղաքացու քվեի կեղծում, հասարակությանն այլ բան չի մնում, քան` իր իրավունքին տեր կանգնել հրապարակներում, փողոցներում: Իշխանությունն էլ այս պարագայում կանգնում է երկընտրանքի առաջ` տեղի տալ հասարակական ճնշմանը կամ կրակել:

Իշխանություն-ՀԱԿ այսօրվա երկխոսությունը չի կարող սրբագրել պատմությունը, չենք կարող հետ բերել 10 անմեղ զոհերին, վերացնել այլ հազարների ապրած տառապանքը:

Բայց երկխոսությունը կարող է կանխել նոր Մարտի 1-եր, եթե.

-         ստեղծվի նոր քաղաքական մշակույթ, որի բնութագրիչը ոչ թե հակադրությունն ու առճակատումն են, այլ` մրցակցությունն ու կոմպրոմիսը,

-         հիմք դնի համակարգային բարեփոխումների` ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության իրական պաշտպանվածության մեխանիզմների ստեղծման,

-         ընտրական ինստիտուտները հասցվեն այն որակին, որ քաղաքացու քվեն արժեվորված լինի, ընտրական գործընթացի ավարտին ունենանք փոքրամասնությանը հարգող մեծամասնություն և մեծամասնությանը շնորհավորող ընդդիմություն, և որ ամենակարևորն է` ընտրության արդյունքներն ընդունող հասարակություն:

Եթե ընթացիկ երկխոսությունն այս խնդիրները լուծի, ուրեմն` միանշանակ հաջողել ենք: Ու այս համատեքստում` բացարձակապես անկարևոր է, թե երբ կանցկացվեն ընտրությունները` ժամկետից  շո՞ւտ, թե՞ իրենց ժամկետին:

Ռացիոնալ երկխոսությունը Մարտի 1-երից խուսափելու միջոց է:

 

 

0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր