ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսության. նոր պահանջներ
ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսության. նոր պահանջներ Հուլիս 20, 2011 | 11:54 Սուրեն Սուրենյանց

ՀԱԿ-ը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ հստակեցնելով իշխանության հետ երկխոսության հեռանկարի իր մոտեցումը: Հայտարարությունը բաղկացած է հինգ կետից, ըստ այդմ՝ նպատակահարմար է դրանց անդրադառնալ ըստ հերթականության:

«Ի գիտություն ընդունելով Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն բանակցություններում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվիրակությունը, լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին, ներկայացնում է Գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը և անձամբ Սերժ Սարգսյանին, Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձևաչափով և պատրաստ է նոր հանդիպման»,- ասված է այս հայտարարության մեջ։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ երկխոսության հարցում իշխանության և ՀԱԿ-ի միջև առկա ձևաչափային հակասությունները վերացված են, ըստ այդմ՝ որևէ խնդիր չկա հուլիսի 18-ին մեկնարկած գործընթացը շարունակելու համար:

«Ինչպես նշել էինք մեր նախորդ հայտարարության մեջ, հետագա հանդիպումները պետք է կայանան չեզոք վայրում»,- իր նախորդ հայտարությունն է հիշեցնում ՀԱԿ-ը:

Հանդիպման վայրն, ըստ իս, այնքան էլ էական չէ, սակայն Հանրային խորհուրդն իսկապես դրական ասոցիացիաներ չի առաջացնում, և հանդիպումները կարելի է կազմակերպել այլ վայրում:

«Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ` կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար»,- նոր պահանջ է ձևակերպում ՀԱԿ-ը։

Հանդիպումների կամ բանակցությունների ուղիղ եթերով հեռարձակելու պահանջն անհեթեթություն է մի քանի պատճառով:

Նախ, պահանջի հեղինակներին զուր է թվում, թե այս իրադարձությունը հասարակության այդքան լայն շերտերի հետաքրքրում է: Երկրորդ, այս հանդիպումների ուղիղ հեռարձակմամբ՝ Հանրայինը կխախտի օրենսդրությունը՝ զբաղվելով կոալիցիայի անդամ կուսակցությունների և ՀԱԿ-ի քարոզչությամբ, ինչն օրենքի խախտում է, մանավանդ՝ մոտենում են Ազգային ժողովի ընտրությունները:

ՀԱԿ-ը կարող էր պահանջել, որպեսզի, օրինակ, հանդիպումների մասին ԶԼՄ-ներին տրամադրվի երկուստեք համաձայնեցված հաղորդագրություն՝ միակողմանի լուսաբանումը բացառելու համար:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ ոչ թե Հանրայինով, այլ՝ մասնավոր հեռուստաընկերություններով կարող է ունենալ երեսուն րոպե կամ ավելի շատ եթերաժամ՝ կոմերցիոն հիմունքներով: Նույնը վերաբերում է ՀԱԿ հայտարարության չորրորդ կետին. պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ և մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային Կոնգրեսի և մյուս քաղաքական ուժերի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։

«Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային և այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը»,- հայտարարության վերջում պահանջում է ՀԱԿ-ը։

Վերջին հանրահավաքների պարագայում, կարծես թե, այս խոչընդոտները վերացվել են, հետևաբար՝ այնքան էլ ադեկվատ չէ այս կետի ներառումը հայտարարության տեքստում:

 

 

0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր