Ի՞նչ սպասել համազեկուցողների այցից
Ի՞նչ սպասել համազեկուցողների այցից Հուլիս 20, 2011 | 16:00 Սուրեն Սուրենյանց

Այսօր Երեւան է ժամանել ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցող Ակսել Ֆիշերը: Մյուս համազեկուցողը` բրիտանացի Ջոն Պրեսկոտը, բացակայում է տեխնիկական պատճառներով:

Ֆիշերն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել կոալիցիայի եւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ, նախատեսված են այլ հանդիպումներ եւս, այդ թվում` հանրապետության նախագահի հետ:

Այս հանդիպումների արդյունքում կազմվելու է զեկույց, որը ներկայացվելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լավատես է եւ կարծում է, որ այդ զեկույցը դրական շեշտադրումներ է ունենալու: «Բոլոր նախադրյալները կան` գրեթե վստահաբար պնդելու, որ բավականին պոզիտիվ, դրական շեշտադրումներով զեկույց է լինելու: Կարծում եմ, այս երկխոսությունը բավականին դրական տպավորություն կթողնի համազեկուցողների վրա եւ շատ կարեւոր ազդակ կլինի նաեւ Եվրոպայի խորհրդի համար»,- ասել է նա:

Թերեւ հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ իշխանությունը հատկապես հուլիսի 18-ին նշանակեց առաջին հանդիպումը ՀԱԿ պատվիրակության հետ: Անհրաժեշտ էր դրական ֆոն ստեղծել համազեկուցողների այցի նախօրեին:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, թե համզեկուցողների հետ քննարկելու են արտահերթ ընտրություններին եւ Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանն առնչվող հարցեր:

Քիչ հավանական է, որ արտահերթ ընտրությունների պահանջը դրական ընկալման արժանանա համազեկուցողների կողմից, հատկապես` սկսված երկխոսության եւ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի ֆոնին:

Այլ է Մատի 1-ի գործի բացահայտաման եւ հատկապես` 10 սպանությունների մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու հանգամանքը: ԵԽԽՎ համազեկուցողները միշտ կարեւորել են այս թեման եւ այս հարցում նրանց մոտեցումներն ավելի մոտ են ՀԱԿ դիրքորոշմանը:

Անշուշտ, Մարտի 1-ի գործը կներառվի նրանց աշնանային զեկույցում` բացասկան շեշտադրումներով. Այս հարցում իշխանությունը, միտումնավոր կամ այլ պատճառներով, թերացել է:

Մնացած առումներով` համազեկուցողների զեկույցն, ըստ էության, դրական է լինելու` հանրահավաքների արտոնման, քաղկալանավորների ազատ արձակման եւ մեկնարկած երկխոսության ֆոնին:

 

 

0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր