Դատավորն ասել է. «Քո տեղը հոգեբուժարանն է»
Դատավորն ասել է. «Քո տեղը հոգեբուժարանն է» Հուլիս 20, 2011 | 19:13

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին իրավասության դատարանում տեղի ունեցած դատավարություններից փորձեցինք հետևել մի քանիսին, որոնցից 2-ը հետաձգվեցին:

 

Ինչևէ, առաջին դատական նիստը (ամբաստանյալ Գագիկ   Գաբրիելի Մաթևոսյան),  հետաձգվեց դատապաշտպաններից մեկի բացակայության պատճառով: Ըստ մեղադրանքի` Մաթևոսյանը ստեղծել է առանձին քաղաքացիների, պաշտոնատար անձանց և կազմակերպությունների վրա հարձակվելու, ինչպես նաև շահադիտական դրդումներով նրանց սպանելու և այլ հանցագործություններ կատարելու նպատակով կազմակերպված կայուն զինված հանցավոր խումբ` բանդա, դրա կազմում ընդգրկելով Վազգեն Կարապետյանին, Արտակ Ղուկասյանին, Արայիկ Ոսկանյանին, Գրիգոր Գրիգորյանին, հանդիսանալով բանդայի պարագլուխ և գործելով հանցավոր խմբավորման կազմում` ղեկավարել է բանդան և դրա հանցավոր գործունեությունը, զինել է անձամբ իր կողմից ապօրինի ձեռք բերած և բանդայի թաքստոցներում ապօրինի պահվող տարատեսակ հրազենով, ռազմամթերքով, հանցագործությւոնների իրականացման համար անհրաժեշտ այլ նյութերով ու պարագաներով: Սա պաշտոնական հաղորդագրությունն է: Այս հետաքրքիր դատավարությունը դատավոր Գագիկ Ավետիսյանը հետաձգեց մինչև սույն թվականի օգոստոսի 10-ը:

 

Երկրորդ նիստը, ևս հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Արմեն Ռուբիկի Առաքելյանը հրաժարվեց առանց դատապաշտպանի շարունակել դատը: Ընդունելով նրա խնդրանքը, դատավոր Արմեն Բեկթաշյանը դատավարությունը հետաձգեց:

Առաքելյանն էլ մեղադրվում է այն բանի համար, որ որևէ առնչություն չունենալով ՀՀ ԱԱԾ-ի հետ, ներկայացել է տեղի աշխատակից և, մեծ գումարներ կորզելով, խոստացել է մարդկանց աշխատանքի ընդունել ՀՀ ԱԱԾ-ում:

Արմեն Առաքելյանից տուժողների թիվը 7-ն է, դատին ներկայացել էին 4-ը: Մեղադրյալը նախկինում ևս մեկ անգամ դատապարտվել է` 2004 թ.` 8 ամիս ժամկետով: Արմեն Առաքելյանը ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել դատապաշտպան վարձել և դատավորին խնդրեց, որ հանրային պաշտպան տրամադրեն իրեն:

 

Նիստին ներկա տուժողներից մեկի և դատավորի միջև տեղի ունեցավ միջադեպ, որը բավական բնորոշ է մեր դատարաններին, քանի որ դատավորներն իրենց կիսաստված են զգում և կարող են անպատիժ վիրավորել քաղաքացուն: Տուժողը, հավանաբար նեղվելով նիստի հետաձգումից, ասաց. «Ինչի համար եք ինձ հիվանդանոցից հանել բերել, ինձ պետք չի էդ փողը …», ու մի քանի վիրավորական խոսքեր ուղղեց մեղադրյալին: Դատավորը միջամտեց, և տուժածի ու նրա միջև լեզվակռիվ սկսվեց:  Դատավորը վիրավորեց քաղաքացուն, ասելով` քո տեղը հոգեբուժարանն է:

Այս դատն էլ հետաձգվեց մինչև օգոստոսի 8-ը:

 

Ի դեպ, այսօրվա դատական նիստերից մեկում ամբաստանյալ Արման Ռոբերտի Գալուստյանը մեղադրվում էր դանակի գործադրմամբ կատարած խուլիգանության` 258 հոդվածի 4-րդ մասով, մինչդեռ «Դատալեքս» կայքում երեկ հոդվածը սխալ էր նշված`258-ի 3-րդ մաս, 1-ին կետ: Այսօր ուղղել էին սխալը:

 

 

3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր