«Ես սերիալներ չեմ նայում»
«Ես սերիալներ չեմ նայում» Հուլիս 18, 2011 | 14:46

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության անդամ, փաստաբանների պալատի անդամ Արշալույս Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին մասնավորապես ԿԸՀ ընտրությունների մասին:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ որքան էլ «Ժառանգությունը» պայքարեց ընտրական հանձնաժողովների դեմ, իշխանություններն օգտագործեցին փրկօղակը, այն է՝ ՀԱԿ-ի առաջարկը: «Գարեգին Ազարյանի ընտրությունը ամեն ինչի մասին վկայում էր: Դատարանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կես գրամ անկախություն չունի, և Հայաստանում որևէ անկախ մարմնի մասին խոսելը հեքիաթ է»,- նշեց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Ըստ նրա որ իշխանությունները պատրաստ չեն անկախ ընտրությունների՝ ապացուցում է «Ա1+»-ին և Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությանը եթերից զրկելու փաստը, ընտրությանը մասնակցած մարդկանց ցուցակները չհրապարակելը:

Նրա խոսքով, եղել են բազմաթիվ ընտրակեղծիքներ, կաշառք բաժանելու դեպքեր, և ԿԸՀ նախագահը ոչ մի անգամ չի արձագանքել դրանց: «Ցավոք, միջազգային կառույցներն օգնեցին իշխանություններին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

«Ես հայկական սերիալներ չեմ նայում»,- այսպես արձագանքեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ-իշխանություն բանակցությունները մեկնաբանելու լրագրողների խնդրանքին: Նա չցանկացավ գնահատել Կոնգրեսի և իշխանությունների այսօր սպասվող հանդիպումը՝ հայտարարելով. «Կարծում եմ՝ Հանրային խորհրդից մինչ Բաղրամյան 19 կամ Բաղրամյան 26 այնքան էլ հեռու չէ, ընդամենը մետրոյով երկու կանգառ է»:

«Այս երկխոսությունը միտված չէ հասարակության խնդիրների լուծմանը… Եվ կարևորը ոչ թե երկխոսությունն է, այլ այն մնացած ամեն ինչը, ինչը որ կարող ենք անել մենք բոլորս»,- ասաց նա:

 

3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր