Օպերատիվ ամփոփագիր
Օպերատիվ ամփոփագիր Հուլիս 14, 2011 | 15:07

Զենք‑զինամթերք

Հուլիսի 13-ին, ժամը 09.40-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մաս և հայտնել, որ օդանավակայանի հանրակացարանի մոտ զինամթերք է թողել:

Ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 7.62 մմ տրամաչափի 203 փամփուշտ, 2 նռնակ, 3 պայթուցիչ, 11 քուղ, լուսարձակող 1 սարք, 200 գ տրոտիլ և ինքնաձիգի 2 պահունակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հուլիսի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Վախթանգ Ա.-ին, որը 2008 թ. մայիսի 22-ից հետախուզվում էր Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի իրավապահների կողմից:

Վախթանգ Ա.-ն կալանավորված է:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազությանը:

Կանեփի թփեր` տնամերձից

Հուլիսի 13-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները նախկինում դատապարտված, 1975 թ. ծնված Արթուր Վ.-ի` Հաղթանակ թաղամասում գտնվող տնամերձ այգուց հայտնաբերել են կանեփի 30 թուփ` 32 կգ ընդհանուր կշռով, և պոլիէթիլենային տոպրակ` 90 գ կանեփանման չորացված զանգվածով:

Ըստ Արթուր Վ.-ի հայտարարության` կանեփի թփերը ցանել և մշակել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Թմրամիջոց` գուլպայից և գրպանից

Հուլիսի 13-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արտակ Հ.-ին, որի գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` 3,2 մլ թափանցիկ հեղուկով, իսկ անդրավարտիքի գրպանից` 4,8 գ կանաչ զանգված:

Ըստ Արտակ Հ.-ի հայտարարության, հայտնաբերված թափանցիկ հեղուկը մորֆին թմրամիջոց է, որը նույն օրը ձեռք է բերել Բորիկ մականունով Բագրատ Բ.-ից, իսկ կանաչ զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը պատրաստել է իր անձնական օգտագործման համար:

Նույն օրը, Ժամը 14.00-ին, Բագրատ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:

Կողոպտչին ճանաչեցին հեռուստահաղորդումից

Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 11-ի երեկոյան ոստիկանության ծառայողներին էր մոտեցել  մի քաղաքացուհի և մատնացույց անելով մի երիտասարդի` հայտնել, որ վերջինս մեկ օր առաջ Օպերայի հրապարակին հարակից տարածքում իր ներկայությամբ պոկել է ընկերուհու ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:

Կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվեց 1988 թ. ծնված Գագիկ Ավետիսյանը:

Պարզվեց, որ հուլիսի 11-ին, ժամը  01.10-ի սահմաններում, նա հափշտակել էր ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված  Օլգա Ու.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և փախել:

Հուլիսի 13-ին, ժամը 13.00-ին, 1978 թ. ծնված Մարո Ա.-ն ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ հուլիսի 12-ին դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս»  հաղորդումը` ճանաչել է Գագիկ Ավետիսյանին, որը ս/թ մայիսի 10-ի երեկոյան Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 385.000 դրամի նյութական վնաս:

Հուլիսի 13-ին ոստիկանություն են ներկայացել ևս երեք կանայք, ովքեր նույնպես իրենց կողոպտած Գագիկ Ավետիսյանին ճանաչել են հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութից.

-1962 թ. ծնված Գայանե Վ.-ն հայտնել է, որ մայիսի 23-ի երեկոյան Գագիկ Ավետիսյանը Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի մոտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս/:

- 1993 թ. ծնված Աննա Գ.-ն հայտնել է, որ մայիսի 19-ին, ժամը 15.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտ Գագիկ Ավետիսյանը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով և կախազարդով ու դիմել փախուստի` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս/:

- 1985 թ. ծնված Հրաչուհի Գ.-ն հայտնել է, որ մայիսի 12-ին, ժամը 16.30-ին, Թումանյան փողոցում Գագիկ Ավետիսյանը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:

Նշված բոլոր դեպքերում տուժողները ոստիկանություն չէին դիմել:

Կատարվում է նախաքննություն:

11

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր