Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
Ղարաբաղցին կմարսի՞ քցելը Հուլիս 13, 2011 | 18:47 Լուսինե Կեսոյան

«Էսկո» կոնցեռնի ղեկավար, վաշխառության համար վերջերս ձերբակալված Սարգիս Աղաբեկյանն, ըստ ամենայնի, կկարողանա լուծել իր հարցերը և ջրից չոր դուրս գալ:

Քցողների պակաս մեր երկրում չկա, տարբերությունը մասշտաբների մեջ է: Այս գործում ղարաբաղյան ծագմամբ Աղաբեկյանը նորելուկ չէ: Նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների «ոլորտի» քաջատեղյակներից է: Խղճին բազմաթիվ խաբված քացաքացիներ ունեցող գործարարը պարզապես այս անգամ չափն անցել է, կամ էլ…

Աղաբեկյանին ձերբակալել են հունիսի 20-ին, սակայն երկու օր հետո Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը և կալանավորումը փոխարինել գրավով: Աղաբեկյանը վճարել է հինգ միլիոն դրամ և հայտնվել ազատության մեջ: Մեր հարցմանն ի պատասխան, Հատուկ քննչական ծառայությունից հայտեցին, որ այս որոշումը որևէ ազդեցություն չի ունեցել Աղաբեկյանի նկատմամբ հարուցված մեղադրանքի վրա:

«Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և Լուսաբեկ Սամվելյանի կողմից մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` 2011թ. հունիսի 22-ին, Սարգիս Աղաբեկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով»:

Բնակարանները Աղաբեկյանը ձևակերպել էր իր բարեկամների անուններով: Որ բնակարաններն այլևս իրենցը չեն, կոոպերատիվի անդամները պարզում են 2010թ. վերջին: Դրանից հետո էլ հարուցվում է այս քրեական գործը կոոպերատիվի ղեկավարության նկատմամբ, որոնք, փաստորեն, հանցավոր գործարքի մեջ մտնելով «Էսկո» կոնցեռնի ղեկավարի հետ, փորձել էին մարդկանց քցելով գերշահույթներ ստանալ: Շուրջ 23 բնակարան Աղաբեկյանը հաջողացրել էր գրանցել բարեկամների անունով, ինչն ի վերջո հանգեցնում է նրա ձերբակալությանը:

Մեր տեղեկություններով սակայն, Աղաբեկյանը հիմա ամեն գնով փորձում է ազատվել այս փորձանքից և համաձայնել է տերերին վերադարձնել իրենց բնակարանները, որոնց համար վերջիններս վաղուց վճարել էին: Ներկայում քննարկվում է այն հարցը, թե ինչ ձևակերպում տալ բնակարանների վերադարձին: Ըստ կոոպերատիվի անդամների, իրենց առաջարկել են բնակարանների վերադարձը ձևակերպել որպես նվիրատվություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն դատելով գործերի ընթացքից, ամենայն հավանականությամբ, ծագումով ղարաբաղցի, իր ճարպկությամբ ու նմանատիպ գործարքներով հայտնի Սարգիս Աղաբեկյանը կկարողանա այս մի անհաջողությունն էլ մարսել: Դեռ լավ է, որ գոնե այս դեպքի բացահայտմամբ  հանրությունը տեղեկացավ, թե ինչ մախինացիաներ են կատարում անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողները, նրանք` ովքեր գործում են բարձր հովանու ներքո: Իսկ թե քանի խաբված քաղաքացի է մնացել լուսանցքից դուրս, որոնք չեն կարողացել պայքարել անշարժ գույքի շուկա կոչվող լաբիրինթոսում, որևէ մեկը իրականում ասել չի կարող:

8

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր