Բաց նամակ բնապահպանության նախարարին
Բաց նամակ բնապահպանության նախարարին Հուլիս 11, 2011 | 23:24

 

Հարգելի պարոն Հարությունյան, մեկ անգամ ևս ցանկանում ենք հարց բարձրացնել Սյունիքի մարզի, Ողջի գետի աղտոտման, գետի աղտոտումը կանխելու և նախարարության կողմից գետի աղտոտումը վերացնելու ուղղությամբ իրականացված միջոցների վերաբերյալ:

Հայտնի է, որ Կապան քաղաքի կեղտաջրերի հեռացման համակարգը մեղմ ասած վթարային վիճակում է, այդ իսկ պատճառով կեղտաջրերը թափվում են Ողջի գետ: Այնտեղ են թափվում նաև քաղաքին հարակից խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների կեղտաջրերը և արդյունաբերական ջրերը, էական անվերականգնելի վնաս և աղտոտվածություն պատճառելով Կապան քաղաքի և մանավանդ գետի էկոհամակարգին:

Այս խնդրի վերաբերյալ նախարարությանը բազմիցս դիմել է Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպությունը (հետագայում` Կազմակերպություն):

Նախարարությունը կազմակերպությանը ուղված գրություններից մեկում (2010 թ. հունվարի 12-ի, թիվ 023/02 գրություն) նշում է հետևյալը. “…Ինչ վերաբերվում է Կապան քաղաքի կոյուղու ոչ բարվոք վիճակի և առանց համապատասխան թույլտվության բաց ջրավազան (Ողջի գետ) չմաքրված կեղտաջրերի արտահոսքի մասին Ձեր կողմից բարձրացված հարցին, ապա տեղեկացնում եմ Ձեզ, որ փաստերը որոշ չափով համապատասխանում են իրականությանը: Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից իրականացվում են վերահսկողական աշխատանքներ` Կապանի ջրմուղկոյուղու կողմից խախտումները վերացնելու ուղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ: Աշխատանքները ավարտվելուց հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի Ձեզ”:

Հարգելի պարոն նախարար, այս գրությունից հետո անցել է արդեն 1,5 տարի, սակայն գործնականում ոչ մի բան չի փոխվել, ինչպես նախկինում կեղտաջրերը թափվում էին Ողջի գետը, այնպես էլ մինչ օրս թափվում են: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ նախարարությունը անգործություն է ցուցաբերում սույն հարցի կարգավորման վերաբերյալ:

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6 հոդվածի դրույթներով, խնդրում ենք տալ հետևյալ տեղեկությունները.

 

  1. 2010 թ. հունվար ամսից մինչ օրս նախարարությունը ինչ գործնական քայլեր է ձեռնարկել, որպեսզի կանխվեն Ողջի գետը թափվող կեղտաջրերի ուղղությամբ,

 

  1. 2007 թ.-ից մինչ օրս, որ իրավասու մարմինն է ենթարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության, և ինչ պարտավորություն է դրվել այդ մարմնի վրա նշված հարցի կարգավորման կապակցությամբ,

 

  1. եթե իրավասու մարմինն ենթարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության, խնդրում ենք տրամադրել այդ ակտի (ակտերի) պատճեն (ները):

Կանխավ շնորհակալ ենք:

Արթուր Բորիկի Ղազարյան
Արշավիր Սերժիկի Խալափյան
Տիգրան Ալյոշայի Գրիգորյան
Արմեն Ռազմիկի Խաչատրյան
Արտուր Հայրապետի Թևանյան

17

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր