Պատմություն մարդու մասին
Պատմություն մարդու մասին Հունիս 28, 2011 | 17:37

Բլոգգերն` առանց համակարգչի

Ինտերնետային վիրտուալ աշխարհում արդեն երրորդ ամիսն է ընթերցողների կայուն ու աճող բանակ է հավաքում մի բլոգգեր, ով  երբևէ չի տեսել գրային էլեկտրոնային տարածությունը, ավելին` անգամ համակարգիչ չունի, այն պարզ պատճառով, որ նա դատապարտված է ցմահ ազատազրկման: Նրան արգելվում է համակարգիչ ունենալ. այն դիտվում է որպես կապի միջոց: Մհեր Ենոքյան. այս անուն-ազգանունով փորձեք փնտրել համացանցում: Նյութերը շատ են` փախուստ ՔԿՀ-ներից երկու անգամ, պատմվածքներ, հոդվածներ, բլոգ, նամակներ, նկարներ ու լուսանկարներ:

«Երբ մարդու ներսում ասելիք կա, նա կգտնի դա անելու հազար ու մի ձև»,-ասում է բլոգեր Մհերն ու մտերմիկ երկխոսության բռնվում իր ընթերցողի հետ:

Բլոգի գաղափարը Ռադիո «Վան»-ինն է: Ռադիովանցիները, ծանոթանալով Մհեր Ենոքյանի հոդվածներին ու նամակներին, արձագանքեցին` նա անձամբ պետք է վարի իր բլոգը, պատմի իր մասին` առանց լրագրողական միջամտության: Ռադիոական Արման Սուլեյմանյանը պատմում է, որ այս` առաջին հայացքից աներևակայելի թվացող նախագիծը, փոքրիկ հետաշրջում մտցրեց տեղական բլոգոսֆերայում: Եվ ոչ միայն…սա հասարակական կարծիքի, դատապարտյալների շուրջ հասարակության ունեցած կարծրատիպերի փոփոխման դրական օրինակ է. վսահեցնում են նախագծի նախաձեռնողները:

«Թվում է` բլոգ և ցմահ դատապարտյալ հասկացություններն անհամատեղելի են: Փաստորեն Դուք ինձ դարձրեցիք բլոգգեր: Չգիտեմ` աշխարհի մեկ ուրիշ երկրում կա՞ նման նախադեպ, թե իմ դեպքը միակն է»,- տասնօրյա պարբերականությամբ զանգ կատարելու իր իրավունքից օգտվելով` Ռադիո Վանի ուղիղ եթերում ասաց Մհերը:

Նամակները կոչվում են “Письмо из зоны”, դրանք կարճ հոդվածներ են, պատմություններ, զանազան մտքեր, գաղափարներ, որոնք բլոգգերը կիսում է ընթերցողի հետ: Մհեր Ենոքյանի գրառումներին արձագանքում են ընթերցողներ, գրում մեկնաբանություններ, տալիս հարցեր, որոնց էլ պատասխանում է բլոգգերը, բնականաբար, փոքր-ինչ ուշացումով` ձեռագիր տարբերակով, ապա այդ ամենը մուտքագրվում է համակարգիչ ու տեղադրվում ռադիոընկերության կայքում:

Ի՞նչ է տեղի ունեցել 15 տարի առաջ

Մհեր Ենոքյանը ծնվել ու մեծացել է բժիշկների ընտանիքում, սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում: 20 տարեկանում` 1996 թ-ին դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում, տվել միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել սպանությունը` մինչ մյուս ընկերը փորձում էր սպանել նրան: Գործով մյուս մեղադրյալն, ի դեպ, արդեն ազատության մեջ է: Վերջինը դատապարտվել էր նույն հոդվածով, սակայն 15 տարի ազատազրկման: Հենց նրա վերջին ու փոփոխված ցուցմունքն էլ դատարանի կողմից համարվել էր արժանահավատ, ըստ որի սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Քրեական գործը, ըստ մասնագետների, վկայում է այն մասին, որ քննությունը ժամանակին կատարվել է բացթողումներով ու կոպիտ սխալներով: Փաստաբանական տեղեկանքները լի են նմանօրինակ փաստերով: Մհեր Ենոքյանն ու իր ընտանիքը մինչ օրս պայքարում են գործի վերանայմանը հասնելու համար:  Այս 15 տարիներին նրանք բազմաթիվ անգամներ են դիմել տարբեր պետական ատյաններ, ՀՀ բոլոր երեք նախագահներին, սակայն պատասխանները ստացվել են մեկ մարմնից` Դատախազությունից` անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ:

Մհեր Ենոքյանը խցակցի` նունպես ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի հետ /ով ևս մեկ մարդու սպանության մեղադրանքով է դատապարտվել մահապատժի 1995 թ-ին և նույնպես չի ընդունել իր մեղքը/, երկու անգամ դիմել է փախուստի ՔԿՀ-ներից 2004 և 2009 թթ.-ներին: Գումարային հաշվով 32 օր մնալով ազատության մեջ` նրանց կողմից չի կատարվել ոչ մի զանցանք, սակայն ցմահ ազատազրկման մեջ կլանվել է ևս 14.5 տարվա պատժաչափ` համապատասխանաբար 7 և 7.5 տարի: Ի դեպ, օրենքը նման դեպքում նախատեսում է 3 ամսից 8 տարի պատժաչափ: Դատարանում նրանք հայտարարեցին, թե փախուստները սոսկ ակցիաներ էին, որպեսզի պետական օղակներն իրենց ուշադրությունը բևեռեն գործերի վերաբացման վրա:

Դիպվածներ, որ բնութագրում են մարդուն

Ենոքյանը միակն է ցմահ դատապարտյալներից, ով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ նախաձեռնել է վիճարկել ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Ինչպես վստահեցնում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, մոտ օրերս գործը կուղարկվի առաջին ատյանի դատարան:

Բացի դրանից, Մհեր Ենոքյանն իր <Ես մարդ չեմ սպանել> հոդվածում հանդես էր եկել օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ: Այն է` փոխել <Մարդուն օրգաններ և կամ հյուսվածքներ տրամադրելու> մասին ՀՀ օրենքի <դ> կետը, որով դատապարտյալն իրավունք չուներ կենդանի դոնոր հանդես գալու: Մի քանի ամիս առաջ ԱԺ-ում ընդունվեց հիշյալ օրենքի <դ> կետի փոփոխությունը; Այսօր արդեն դատապարտյալն իրավունք ունի մոտ ազգականի համար կենդանի դոնոր դառնալու:

Ի դեպ, Մհերի նամակներին ու հոդվածներին արձագանքել են մտավորականներ, արվեստագետներ, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ: Նրանք համախմբվել ու ՀՀ նախագահին են դիմել մարդասիրական խնդրանքով` ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ստեղծել նախադեպ. ներում շնորհել 15 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող, 1 անձի սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտվածներին, ի դեպ, որոնց թվում է նաև Մհեր Ենոքյանը:

Խումբ Ֆեյսբուք-ում

Մինչ այս ցմահ դատապարտյալների ներկայացման մեջ գերակշռողը ներկապնակի առավել մուգ տոներն էին: Մասնավորապես` Մհեր Ենոքյանն, օրինակ, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ Գլխավոր Դատախազության պատվերով եթեր հեռարձակվող «Հետաքննության» հաղորդման շրջանակներում մեկ տարի առաջ ներկայացվեց որպես դաժան մարդասպան: Ենոքյանն իր փաստաբանների հետ հերքման իրավունքի պահանջով դիմեց դատարան` սխալ տեղեկատվությունը հերքելու պահանջով: Տեղեկատվությունը հերքվեց:

Բլոգին զուգահեռ ստեղծվեց նաև ֆեյսբուքյան խումբ` ի պաշտպանություն Մհեր Ենոքյանի, որը նպատակ ուներ հենց այլընտրանքային տեղեկատվություն տրամադրելու հասարակությանը կոնկրետ Ենոքյանի գործի և, անշուշտ,  Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրների վերաբերյալ:

Խմբի անդամներից  պատմաբան, արվեստաբան Լուսինե Իգիթյանը նշում է, որ մինչ խմբի ձևավորումը բացարձակապես տեղեկություն չուներ` Հայաստանում կան ցմահ դատապարտյալներ, թե` ոչ: «Մհերի պատմությանը ծանոթացա իր բլոգից, կարդացի նամակներից մեկը, զգացվեցի ու հենց այդ նամակից իմացա, որ մեր երկրում կան ցմահ դատապարտյալներ»:

Կարե Վարթինը, ով խմբի ակտիվ անդամներից մեկն է, նշում է, որ նման խմբերը, նման ինֆորմացիայի տարածումը նպաստում է, որ հասարակությունը, մարդիկ փոխեն իրենց վերաբերմունքը, անտարբեր չանցնեն մյուսների խնդիրների կողքով: Ու եթե մարդիկ կամովին համախմբվում են մեկ ուրիշ մարդու ճակատագրի շուրջ, արդեն ձեռքբերում է:

Լրագրող-բլոգգեր Գայանե Նազարյանը գրում է, որ  Մհերի մասին իմացել է 2009-ի վերջին՝ նրա 2-րդ փախուստից հետո: «Հետաքրքրությանս հիմք դարձան նախ Վահան Իշխանյանի բլոգներում տեղադրված նյութերը, ապա՝ «Ինքնագրում» Մհերի «Իրական պատմություն» պատմվածքը: Դրանից հետո արդեն ինքս էի շահագրգռված՝ ինֆորմացիա ունենալու: Ցմահների խնդիրը սկսեցին ինձ հուզել Մհերի գործին ծանոթանալուց հետո»: Նրա կարծիքով, խմբերն ու բլոգները բացի հասարակական կարծիք ձեւավորելուց մի շատ կարեւոր գործ էլ են անում՝ կարծիքների բախում են ստեղծում, ինչն ավելի լուրջ հիմք է տեսակետի ձեւավորման համար:

Խմբում կա մեկն, ով ներկայանում է ամենահայտնի գրական խուզարկուի`Շերլոք Հոլմսի անունով ու գրում. «Կարդացի Մհերի նամակները, լսեցի նրա զրույցը Եգոր Գլումովի հետ, նայեցի տեսանյութերը, իսկ հետո գտա ֆեյսբուքի խումբը և այժմ փորձում եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ նրա ազատության հարցում, նպաստել, որ ինչ-որ ձևով փոխվեն ցմահականների պահման պայմանները. վերջապես մարդիկ են այնտեղ: Իսկ այն, թե ինչ է կատարվում մեր ՔԿՀ-ներում, գիտեմ միայն մամուլից ու Ինտերնետից: Սակայն դա էլ բավական է, որ հասկանալի դառնա` Սոլժենիցինի պատմած սովետական պատժիչ ռեպրեսիոն համակարգը դեռ գործում է: Իսկ ասվում է, թե փորձում ենք կառուցել մարդասիրական հասարակություն…ե՞րբ կարող ենք վերջապես գիտակցել, որ բանտում կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը»:

Երազանքների շարքից

Մինչ այդ, Մհեր Ենոքյանը երազում է տպագրված տեսնել իր պատմվածքները` “Полёт в жизнь”, “Жажда жизни”, «21 օր գերեզմանոցից դուրս», նաև հոդվածները` «Ես մարդ չեմ սպանել», «4 պատից այն կողմ», «Ես զրուցում եմ, Քեզ հետ, ՄԱՐԴ», «Ես ողջ եմ, բայց վանդակի մեջ» և այլն: Իսկ գրքի ստեղծման նպատակը մեկն է` օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Զարուհի Մեջլումյան

55

2 Responses to Պատմություն մարդու մասին

  1. KARE VARTIN says:

    В очередной раз очень нужная статья.

  2. A person necessarily assist to make seriously articles I would state. This is the first time I frequented your website page and up to now? I surprised with the analysis you made to create this actual put up amazing. Excellent process!

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր