Կողմնորոշվողները հերթի են կանգնել
Կողմնորոշվողները հերթի են կանգնել Հունիս 08, 2011 | 17:45 Լուսինե Կեսոյան

Երեկ երկխոսության թեման երևի թե հասավ իր կուլմիանցիոն կետին: Օրը սկսվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանով, որ ընդդիմությանը հստակ պատասխան տվեց, թե երկխոսությունը սկսված է, պատվիրակություն կազմելու կարգի թիթիզությունների տեղը չէ, իսկ արտահերթ ընտրությունների մասին խորհուրդ տվեց մոռանալ: Դրան հետևեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի պատասխանը, թե իրենց «թայը» միայն Սերժ Սարգսյանն է, «մնացյալը» իրենց չեն հետաքրքրում:

Նախագահը շարունակեց պահպանել լռություն, մինչ իրար հետևից «մեյդան դուրս եկան» ՀԱԿ-ին չհետաքրքրող մյուս «մնացյալները»:

Երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության հերթական բոցաշունչ դրսևորումը «Օրինաց երկիր» կուսակցությունից ստացվեց: Մամուլում երկխոսության վերաբերյալ սկսված խոսակցությունների, դրա համար պատվիրակություն կազմելու տեղեկատվության տարածումից հետո հումորով տեսակետ էր հնչեցվել, թե իշխանության կազմած պատվիրակությունը լավ կլինի` ղեկավարի Արթուր Բաղդասարյանը` հաշվի առնելով, թե «երկխոսության» ի~նչ մեծ փորձ ունի նա, ինչպես կարողացավ «ճիշտ» կողմնորոշվել և ընդդիմությունից անցնել իշխանության գիրկը` պաշտոններ շահելով իր կուսակիցների համար: Այդպես Արթուր Բաղդասարյանի ղեկավարած պատվիրակությունը երկխոսության ժամանակ խորհուրդ կտար իզուր տեղը անիմաստ պահանջներ չդնել և արտահերթ ընտրությունների փոխարեն ավելի լավ է բանակցել հերթական խորհրդարանական ընտրություններում մի քանի մանդատ ստանալու ուղղությամբ:

Այս ամենը հնչել էր ընդամենը որպես սարկազմ` ոչ ավելի: Սակայն երեկ ՕԵԿ-ը` առանց սպասելու ՀԱԿ-ի կողմից որևէ հրավերի, առաջինը որոշեց նետվել «մարտի» և ինքն իրեն առաջարկել երկխոսության համար. «ՕԵԿ-ը` որպես իշխանության քաղաքական ուժ, նույնպես պատրաստակամ է երկխոսել ՀԱԿ-ի հետ, եթե այդ երկխոսության հիմքում դրված է երկրի առաջընթացն ու խաղաղ զարգացումը, որովհետև մեր կուսակցության համար ժողովրդի անվտանգությունն ու պետության ներքին կայունությունը առաջնային արժեքներն են»,- ասել է ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը:

Կոալիցիոն գործընկերոջից փորձեց հետ չմնալ նաև ԲՀԿ-ն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես էլ կողմ է կառուցողական երկխոսությանը, որը կբերի երկրի շենացմանն ու բարգավաճմանը»,- ասել է այս կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը:

ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը երեկ այսպիսի գնահատական տվեց իշխանության` ընդդիմության հետ սկսած «երկխոսությանը». «իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին մանկական մատ արեց, ասելով` էդ ի՞նչ ձևաչափ եք կազմում, էդ ի՞նչ պատվիրակություն եք կազմում, էդ ո՞նց եք միակ ընդիմությունը և առհասարակ ի՞նչ եք անում: Այսինքն` շախմատը լուրջ խաղ է, և շախմատում հաղթողը երբեք պարտվողին չի ծաղրում: Մի դեպքում է, որ հաղթողը պարտվողին ծաղրում է, իսկ դա մանկական մատն է: Այս դեպքում պետք է փաստել, որ շախմատն այլևս ավարտված է»:

Կարեն Կարապետյանի միջոցով տեղը դնելով ՀԱԿ-ին, նախագահը շարունակեց «գրոհը»` ասպարեզ հանելով «մնացյալ» ուժերին` ցույց տալով, թե ում հետ կարող է երկխոսության մեջ մտնել ՀԱԿ-ը` ՕԵԿ, ԲՀԿ… «Մանկական մատը» անելուց հետո  Զևսին մնաց ընդամենը լուռ հետևել ավելի քան թեժացած «երկխոսությանը» և, երևի թե, բավարարվել հեռվից քմծիծաղ տալով:

2

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր