Հայ դասականներին շարունակում են անգթորեն «սեղմել»
Հայ դասականներին շարունակում են անգթորեն «սեղմել» Մայիս 20, 2011 | 13:04

Այսօր գրախանութներում կարելի է հեշտությամբ գտնել հայ դասական գրողների վեպերի կրճատված և պարզեցված տարբերակները: Այս գործընթացը սկսվեց դեռևս 2007 թվականից, երբ լույս տեսան չորս սեղմավեպեր՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունին», Շիրվանզադեի «Քաոսը», Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը» և Րաֆֆու «Սամվելը»: Վեպերի էջերի քանակը կրճատված է, սակայն բովանդակությունը, իբր, պահպանվել է:

Սեղմավեպերի հետ կապված տարբեր և շատ հակասական կարծիքներ կան: Ոմանց կարծիքով՝ առանց դրա էլ մեր երեխաներն անգրագետ են, իսկ այս գրքերով առավել անգրագետ ենք դարձնում մեր սերնդին: Բայց հակառակ՝ դրական կարծիքն էլ կա և իշխում է հատկապես ուսանողության շրջանում:

Հենց նրանցից էլ փորձեցինք պարզել, թե ինչքանով է նպատակահարմար 500-600 էջանոց պատմավեպերի փոխարեն կարդալ 30 էջում «սեղմված» համանուն վեպերը: Հատկապես հիմա, երբ  բուհերում արդեն սկսվել են ավարտական քննությունները: Մասնավորապես ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, որտեղ ամենաշատն է ընթերցվում գրականություն,  մի քանի ուսանողներ այս պատասխանը տվեցին. «Շատ լավ բան ա: Իսկապես ուսանողների մասին են մտածել, համ ժամանակ ենք խնայում, համ էլ՝ ում էդքան ներվ կա՝ նստի հազար էջանոց գիրք կարդա»:

Իսկ նույն ֆակուլտետի Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը ասաց. «Հատկապես քննությունների ընթացքում շատ պարզ երևում է, թե հանձնարարված գրականությունը ինչ տարբերակով են կարդացել: Ուսանողներին թվում է, թե մենք չենք հասկանում, բայց հենց ստեղծագործության նկարագրական մասերից հարց ենք ուղղում`  արդեն ամեն ինչ պարզ է դառնում: Ես մինչ այժմ  այդպես էլ չեմ կարողանում որևէ  դրական բան գտնել սեղմավեպերի մեջ: Դրանք ուղղակի չարիք են՝ հատկապես ուսանողության համար: Մյուս կողմից,  այդ գրքերը կազմելիս առաջնայինը հանվում են նկարագրական հատվածները: Բայց ո՞վ է ասում, որ դրանք իրենց մեջ գաղափարներ չեն պարունակում: Պատկերացրեք «Սամվել»-ը՝ առանց Արարատյան դաշտի նկարագրության, կամ՝ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում պահպանված չէ Քանաքեռի բարբառը: Չի պահպանվել նաև վեպի առաջաբանը, և  ընթերցողը, փաստորեն, չի ծանոթանում Աբովյանի ծրագրային դրույթներին` նոր գրականության, նոր հերոսի, նոր բովանդակության և, առավել ևս, նոր լեզվի կարևորության խնդրին»:

Այս հարցի վերաբերյալ  Կրթության և գիտության նախարարությունից չկարողացանք որևէ բան ճշտել, իսկ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կրթության և գիտության նախարարությունը չի զբաղվում այդ հարցով, և դպրոցներում ու բուհերում դրանք որպես ուսումնական դասագիրք  չեն ճանաչվել»:

Բայց եթե ԿԳ նախարարությունում այդքան  էլ տեղյակ չէին այս խնդրին,  ապա նույնը չէր կարելի ասել Կրթության ազգային ինստիտուտի մասին: Թեև ինստիտուտի  գլխավոր մասնագետ Նաիրա Տողանյանը երկրում չէր, սակայն մեզ մի քանի պարզաբանումներ տվեց հայագիտության  և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի աշխատակից, հայոց լեզվի և գրականության  մասնագետ Նվեր Վիրաբյանը: «Մենք վերահսկում չենք իրականացնում, միայն գնահատում ենք, այսինքն՝ կարծիք հայտնում: Սակայն սեղմավեպերը մեզ մոտ ուղարկում են միայն հրատարակելուց հետո, և կարելի է ասել, որ ինչ կարծիք էլ հայտնենք՝ պարզապես ձևական բնույթ է կրում: Սակայն սեղմավեպերի վերաբերյալ մենք մեր կարծիքը չենք փոխել: Նախ նշեմ, որ վեպը սեղմելու հատուկ կարգ, քաղաքականություն գոյություն ունի, ինչը սեղմավեպի հեղինակի մոտ չի պահպանվում: Օրինակ` այնտեղ, որտեղ կրճատում է եղել, պետք բազմակետեր, կախման կետեր դրվեն, որպեսզի ընթերցողը հասկանա, որ տվյալ հատվածը կրճատված է և, հարկ եղած դեպքում, բնօրինակից գտնի ու կարդա համապատասխան հատվածը: Կրթության ազգային ինստիտուտի կողմից ձեռնարկի հեղինակներին անգամ առաջարկ է արվել համապատասխան հանձնաժողով ստեղծել և գործին ավելի մասնագիտորեն մոտենալ, սակայն այս առաջարկը մերժվել է, իսկ Կրթության և գիտության նախարարությունը որևէ քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ»,- ասաց Նվեր Վիրաբյանը և հավելեց, որ այսօր դասականներին «համառոտում» է Արփիկ Ավետիսյանը, որը 50 տարի շարունակ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է եղել: Կրթության և  գիտության նախարարությունը սեղմավեպերն ընդունել է որպես ուսումնական գրականություն, բայց միայն սփյուռքի համար:

Ի դեպ, սեղմավեպերը վաճառվում են մատչելի գներով՝ 600-1200 դրամ: Տեղեկացանք նաև, որ Երևանի գրախանութներում սեղմավեպերով հետաքրքրվողները շատ են: Զրուցեցինք մի քանի գրավաճառների հետ, նրանցից մի  երիտասարդ գրավաճառուհի ասաց, որ ինքը կտրականապես դեմ է սեղմավեպերին, սակայն այդ գրքույկները մեծ պահանջարկ ունեն, և գրավաճառուհու խոսքով՝ իրենք պարտավոր են վաճառել: Ի պատասխան  մեր հարցի, թե ովքեր են սեղմավեպ գնողները, ասաց` և՛ դպրոցականները, և՛ ուսանողները:

Ի դեպ, գրավաճառուհու հետ մեր զրույցի ընթացքում մի քանի հաճախորդներ «խայտառակություն» կոչեցին սեղմավեպերի «հայտնությունը», ավելին՝ պնդեցին, որ դրանք երեխաներին փչացնելու նոր ձև է: Մի քանի գրավաճառներ էլ ասացին, որ իրենք, կոպիտ ասած, վռնդում են այդ գրքերը «մատակարարողներին»:

Ինչևէ, եթե նույնիսկ անտեսենք հասարակության պահանջները, չենք կարող անտեսել նաև ակնհայտը՝ «սեղմավեպ» կոչվածով ոտնահարվում են հայ դասականների հեղինակային իրավունքները: Ի դեպ, ոտնահարվում են ազատ, անկաշկանդ և առանց խղճի խայթի, որովհետև նրանց իրավունքները պաշտպանող չկա ընդհանրապես:

Շուշան Գալստյան

63

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր