Երևանի թիվ 12 հատուկ դպրոցը տևական ժամանակ գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում: Դրա պատճառը նախ այն էր, որ դպրոցը գտնվում էր Երևանի կենտրոնում, ի տարբերություն այլ նմանատիպ դրպոցների, որոնք սովորական մահկանացուն պետք է կողմնացույցով գտնի: Բացի այդ այս դպրոցի նախկին դաշնակացական քմահաճ տնօրենը, օգտագործելով իր կուսակցության անունը և իր հաշմանդամությունը, շատ էր աղմկում վիրավորում կոլեկիվի անդամներին, երեխաների ծնողներին, ինչն էլ առիթ դարձավ ,որ խնդիրների կծիկ ունեցող ոլորտում այս մեկի մասին ավելի շատ խոսվի: Իրականում նմանատիպ բոլոր դպրոցներն էլ ունեն շատ լուրջ պրոբլեմներ, որ նախարարությունը ուղղակի կոսմետիկ փակում է: Ի վերջո՝ բողոքների արդյունքում, 2010 թվականի հոկտեմբերին տնօրենի փոփոխություն եղավ և ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նախարարության հատուկ դպրոցների գլխավոր մասնագետ Արծվիկ Արշակյանը:
Մեր մի քանի այցելությունները դպրոց՝ ակնհայտորեն անհանգստացնում էր Արծվիկ Արշակյանին, ինչը նա չէր էլ փորձում թաքցնել. «Հըլը ճիշտն ասեք՝ լա՞վ բան եք ուզում գրել, թե՞ վատ: Ճիշտն ասած, այնքան են գրել այս դպրոցի մասին, որ էլ չասած: Ու գիտե՞ք՝ կան ընենց մութ ու մռայլ լրագրողներ, որ ուզում են մի բան գտնել, սենսացիա անել, բայց հավատացեք՝ էս էն ոլորտն ա, որտեղ շատ զգույշ պետք է լինել, ի վերջո՝ գործ ունենք ոչ սովորական երեխաների հետ»:
Ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ դժվարությամբ է համաձայնել ստանձնել այդ պաշտոնը, քանի որ դպրոցը իսկապես ողբալի վիճակում է եղել. «Երբ եկա, դպրոցում մնացել էր 25-30 աշակերտ: Շատերի ծնողները երեխաներին այլ դպրոցներ էին տեղափոխել ինչ-ինչ պատճառներով: Այնուհետև նորից թիվը վերականգնվեց, հիմա դպրոցում 63 երեխա կա»:
Այսօր դպրոցում սովորում է 63 մտավոր հետամնաց երեխա: Մեր այցելության ժամանակ ներկա էին 53-ը: Ի դեպ դպրոց հաճախող երեխաների թիվը, եթե ոչ նկարվում` ապա ուռճացվում է. մի քանի պատճառներով` նախ ֆինանսավորումը տրվում է երեխաների քանակի հիման վրա, երկրորդ` քիչ աշակերտ ունենալու դեպքում դպրոցին սպառնում է փակվելու հեռանկարը և երրորդ հատկապես այս դպրոցներում աշխատակազմ`ասել է թե դասարան և ուսուցիչ հավաքվում է երեխաների քանակով, իսկ դա արդեն լուրջ խնդիր է:
Այս տարի դպրոցն ավարտելու է 9 երեխա: Ըստ տնօրենի՝ դպրոցից հետո ծնողները կարող են նրանց, դարձյալ պետպատվերի շրջանակում, տեղափոխել հատուկ կրթահամալիրներ, որտեղ մասնագիտություններ կստանան՝ այգեգործություն, գորգագործություն և այլն:
Դպրոցում սովորող ամենափոքր երեխան 7 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 21:
Առաջին հայացքից երեխաների մոտ միշտ չէ, որ նկատելի է մտավոր խնդիրները, ու այս տիպի հատուկ դպրոցներում սողանց է թողնում,որ դպրոց հաճախեն երեխաներ`որոնք մտավոր խնդիրներ չունեն, բայց սոցիալական ծանր պայմանները ստիպել են, որ այս կարգի դպրոց հաճախեն:
«Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, քանի որ այսօր չեն գործում գիշերօթիկ դպրոցները, որոնք լուծում էին սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի խնդիրը: Մինչև 2005 թվականը մենք ունեինք 12 խոշոր գիշերօթիկ դպրոց, որոնցից օգտվում էր շուրջ 4000 երեխա, սակայն 2005-2006 թվականներին կառավարությունը բեռնաթափման ծրագիր իրականացրեց, և ներմուծվեց ներառական կրթություն, ինչի հետևանքով գիշերօթիկները փակվեցին`վերածվելով սոցիալապես անապահով երեխաների խնամքի կենտրոնների, և տրվեցին սոցապնախարարությանը: Այսինքն, այդ երեխաները կարող են այնտեղ մնալ, սնվել, բայց հաճախել հանրակրթական դպրոց: Այսօր մեր հանրապետությունում կա այդպիսի 7 կենտրոն: Բայց բացառվում է, որ այդ երեխաները հատուկ դպրոց հաճախեն: Իհարկե, մինչև 2005 թվականը հնարավոր էր, և իսկապես շատ էին նման դեպքերը: Երբ սկսեցին գործել բժշկահոգեբանամանկավարժության գնահատման կենտրոնները, որոնց միջոցով երեխաները տարբեր ստուգումներ են անցնում, դրանից հետո, եթե տեսնում են, որ երեխան իրոք կարիք ունի հատուկ դպրոցի, ուղարկում են օժանդակ դպրոց: Ծնողն է կատարում օժանդակ դպրոցի ընտրությունը: Տարին երկու անգամ երեխաներն այստեղ գնահատվում են: Առաջներում հանձնաժողովը դպրոցում էր գնահատում և ցանկացածի կարող էր ընդունել»:
Դպրոցի հիմնական խնդիրներից Արծվիկ Արշակյանը մատնանշեց շենքի խարխուլ վիճակը. «Մի քանի օր առաջ ենք մաքրել. չեք պատկերացնի՝ դպրոցը վերածվել էր զիբիլանոցի, ինչ ասես՝ չէիր գտնի: Կառավարությունը 2010-ի հոկտեմբերին 60 միլիոն դրամ տրամադրեց վերականգնման համար, 30 միլիոն էլ հետագայում պետք է տրամադրի: Բայց տարօրինակն այն է, որ մինչ այժմ շինարարությունը չի սկսվում… Ես չեմ հասկանում, թե ինչ պրոբլեմ կա. մրցույթը եղել է, հաղթող կազմակերպությունը կա»:
Գլխավոր խնդիրներից է նաև տրանսպորտի հարցը, քանի որ շատ ծնողներ հնարավորություն չունեն երեխաներին դպրոց բերելու՝ հատկապես մարզերից: Իսկ այս դպրոցում երեխաներ կան Սևանից, Չարենցավանից, Արտաշատից: Եվ տնօրենը հաճախ ստիպված է լինում ձեռքը իր գրպանը տանել: Այս խնդրով դիմել են Ռալֆ Յիրիկյանին: Նա մերժել է` պատճառաբանելով, որ նման ծրագիր չունեն: Արծվիկ Արշակյանի խոսքով՝ տեղի գործարարներից այս հարցով ոչ մեկը ձեռք չի մեկնել, և իրենք դիմել են ամերիկյան մի կազմակերպության ու սպասում են պատասխանի:
Ինչևէ, շրջեցինք դպրոցում. մթությունը, պատերի գորշությունը, խոնավահոտը սարսափելի տպավորություն գործեցին: Ճաշարանում ինչպես նախկինում, ծանր հոտ էր, անհասկանալի է ի՞նչ են եփում այս դպրոցների խոհարարները, որ գրեթե բոլոր նմանատիպ դպրոցներից նույն տհաճ ճենճի հոտն է գալիս: Իհարկե, տնօրենը վստահեցրեց, որ վերանորոգումից հետո դպրոցը նոր տեսք կստանա և ավելի տրամադրող կլինի: Երբ ուզում էի լուսանկարել երեխաներին, շատերը խուսափում էին՝ ասելով` ես սիրուն չեմ դուրս գալիս… Փոխարենը՝ սիրով պատմում էին, թե ինչ են ուզում դառնալ և ինչպես են պատկերացնում իրենց ապագան: Որոշ երեխաների մեջ արտաքուստ ոչ մի տարօրինակ բան չնկատեցի, սակայն, ըստ մանկավարժի, կան և՛ շատ թեթև, և՛ շատ ծանր շեղումներով երեխաներ: Ոմանք մի քանի տարի շարունակ չեն հաղթահարում տվյալ դասարանը: Օրինակ՝ 7-րդ դասարանում սովորում է 21-ամյա մի տղա, իսկ 3-րդ դասարանում՝ 16-ամյա: Երեխաներ կան, որոնք համարյա չեն խոսում, չեն լսում, և ըստ մանկավարժի՝ նրանց հետ աշխատանքը շատ ծանր է ընթանում:
Զրուցեցինք նաև սոցմանկավարժի հետ: Ըստ նրա՝ դրսից շատ հեշտ է երևում, բոլորը քննադատում են, բայց երբ ներս են մտնում՝ չեն կարողանում երկար մնալ: Այս երեխաների հետ աշխատելը շատ դժվար է՝ ասաց նա: Մեր հարցին, թե կա՞ն արդյոք խեղված, խաթարված ճակատագիր ունեցող երեխաներ, որոնք բռնության են ենթարկվում կամ ծնողները ստիպում են տարբեր, ամոթալի աշխատանքներ կատարել, պատասխանեց. «Այս երեխաները շատ խոցելի են: Պատկերացրեք, եթե չվերահսկենք՝ այդպիսի դեպքերը չեն բացառվի: Եթե երեխան մի օր բացակայում է, անմիջապես զանգում ենք, որ ճշտենք, թե ինչու ծնողը դպրոց չի բերում նրան… Պարզվում է՝ երեխային տարել է մուրացկանություն անելու, տարաներ հավաքելու: Հավատացեք, ամեն ինչ պետք է ծնողներից սկսել, որովհետև կան երեխաներ, որոնք տարրական կուլտուրայից զուրկ են: Պատկերացրեք, որ նույնիսկ գդալ բռնել չգիտեն: Ուստի, մեր աշխատանքը, կարելի է ասել, ջուրն է ընկնում՝ հենց երեխաները շաբաթ-կիրակի վերադառնում են տուն»:
Պարզվեց նաև, որ այս դպրոցում սովորում են մի քանի պաշտոնյաների երեխաներ, որոնք նույնպես մտավոր խնդիրներ ունեն: Դաստիարակի խոսքով՝ նրանց միայն դասերին են բերում, ճաշի ժամերին տանում են:
Հիշեցնենք նաև, որ այս դպրոցի տնօրենի ընտրությունը կկայանա աշնանը, քանի որ հատուկ դպրոցների նոր կանոնադրությունը դեռ չի հաստատվել կառավարության կողմից, և ընտրության համար խորհուրդ չի ձևավորվել: Ժամանակավոր պաշտոնակատարը սովորաբար նշանակվում է վեց ամսով, իսկ Արծվիկ Արշակյանի ժամանակավոր պաշտոնավարման ժամկետը լրացել է: Հարցին` արդյո՞ք դա օրենքի խախտում չի, Արծվիկ Արշակյանը պարզաբանեց. «Նախարարի հրամանում կոնկրետ ժամկետ նշված չի, այլ գրված է` տնօրինել մինչ նոր տնօրենի ընտրությունը»:
Ի դեպ, Արծվիկ Արշակյանը տնօրենների հավաստագրման քննությունները հաջողությամբ հանձնած բախտավորներից է:
Շուշան Գալստյան
37
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 12:40Մեքենան ընկել է հողասահքի մեջ
- 11:58ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է
- 1:01Բժշկուհի Դոնարա Խորենյանը Ձեր աջակցության կարիքն ունի
- 18:12Մահացել է ականավոր պատմաբան Ստեփան Պողոսյանը
- 15:00Փուչիկների պայթյունից տուժածները պլաստիկ վիրահատության կենթարկվեն
- 12:24Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք.Գյումրիի քաղաքապետ
- 19:19Վարչապետ – Օսկանյան վիրավորանքները հակադարձվում են
- 15:20Իսկ Աշոտյանն ինքը կարո՞ղ է ոսկե ձկնիկ լինել
- 12:18Օձը խայթել է երեխային. վիճակը ծանր է
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
