Իներցիայի ուժը
Իներցիայի ուժը Մայիս 12, 2011 | 18:13 ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ


Նախընտրական շրջանում ընդունված է, որ Հայաստանում քաղաքական ուժերը հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով, հիշեցնում իրենց գոյության մասին:

Այս համատեքստում հատկապես սիրված թեմա է դաշինքներ, տարբեր միավորումներ կազմելու հարցը: Դաշինքը կամ միավորումը շատերի կողմից դիտվում է որպես ազդեցիկության, հզորության դրսևորում:

Այդ մտայնությունն իներցիայով այսօր էլ շարունակվում է:

Օրինակ, 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, ի դեմս ՀՀԿ-ի, կար ակնհայտ ֆավորիտ, և ընդդիմությունը փորձում էր տարբեր միավորումների ստեղծման ճանապարհով հասնել հաջողության: Ընդդիմության մոտ դա չստացվեց:

 

Այսօր վիճակը մի փոքր այլ է: Քաղաքական դաշտում եղանակ են ստեղծում երկու ազդեցիկ ուժեր` Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմերը: Մի քանի ամիս առաջ մի շարք քաղաքական ուժեր հույս ունեին դիվիդենտ շահել նրանց հակադրության վրա: Այս տրամաբանությունն ինչ-որ տեղ բնական էր, որովհետև, թեկուզև իմիտացիայի տեսանկյունից, փոքր կուսակցությունները հակադրության կողմերից մեկին անպայման պետք են գալիս: Ասենք, հանրապետականները բազմիցս շեշտել են, որ իրենց համամասնական ցուցակի դուռը բաց է եղել այնպիսի անհայտ կուսակցությունների ներկայացուցիչների առաջ, ինչպիսիք են` ԺԱԿ-ը կամ «Հզոր հայրենիքը»: ՀԱԿ-ն էլ հպարտանում է, որ միավորում է 18 կուսակցության: Փույթ չէ, որ դրանց մեծ մասի անունը հանրությանը հայտնի չէ:

Կարևորը, որ դա էր ռեսուրսային պայքարի տրամաբանությունը:

Հիմա իրավիճակը մի փոքր այլ է. իշխանությունն ու ընդդիմությունը, կարծես, որոշել են դուրս գալ հակադրության ռեժիմից և իրենց հարաբերությունները կառուցել մրցակցային միջավայրում:

Մրցակցությունն արդեն խաղի այլ կանոններ ունի. դրանք ավելի հստակ են, և կողմերից որևէ մեկը թզուկային կուսակցությունների կարիք չունի: Այլ խոսքով` շեշտը դրվում է ոչ թե քանակի, այլ` որակի վրա:

Սրանով են պայմանավորված մի շարք ուժերի այսօրվա շտապողականությունը, բարձրագոչ ու պերճախոս կարգախոսները:

Նրանք փորձում են իշխանությանը համոզել, որ իրենք նույնպես հզոր են, որ իրենց հետ ևս պետք է հաշվի նստել:

Ո՞վ չգիտի, որ Տիգրան Կարապետյանի «երրորդ ուժի» գաղափարը տապալվել է: Բոլորը գիտեն. ոչ «Ժառանգություն» կուսակցությունը, ոչ ՀՅԴ-ն և ոչ էլ Արամ Կարապետյանի կուսակցությունը չարձագանքեցին նրա հորդորներին, առաջարկներին: Ժողովուրդն էլ է դա հասկացել, ու Կարապետիչի վերջին հանրահավաքի մասնակիցների թիվն ավել չէր միջոցառումը լուսաբանելու եկած լրագրողների թվից: Բայց Ժողովրդական կուսակցության նախագահը տենչում է գոնե խորհրդարանական մանդատի մասին ու չի պատրաստվում վայր դնել զենքերը: Նա վաղը փորձելու է համախմբել հայրենասիրական ուժերին: Միայն թե պարզ չէ, թե ինչ է հայրենասիրությունն` ըստ Կարապետյանի, կամ էլ` բացի նախաձեռնության հեղինակից, ովքե՞ր են մաս կազմելու այս միությանը: Հաստատապես` ոչ մի լուրջ կուսակցություն կամ գործիչ: Բայց էականն աղմուկն է, դա է Կարապետիչի նախաձեռնության միակ մոտիվը:

Նույնը վերաբերում է մարքսիստ Դավիթ Հակոբյանին, որն այսօր հայտարարել է «Ազգային ճակատ» ստեղծելու մասին: Եթե Կարապետիչի կողքին գոնե մի քանի թոշակառու կա, Հակոբյանը կատարյալ մենության մեջ է: Էլ ի՞նչ դաշինք կամ ճակատ: Զավեշտն այն է, որ նա փորձում է կապկել Ռուսաստանի վարչապետի նախաձեռնությունը` փորձելով մի դաշինքում միավորել կուսակցականներին ու անկուսակցականներին: Սակայն միայն մարքսիստի ռուսասիրությունը բավարար չէ, որ այս կապկումը հաջող արդյունք տա. Հակոբյանը գոնե մի քիչ ռեսուրս պետք է ունենար` կազմակերպչական, քաղաքական: Բայց կես դրույքով բժիշկ, կես դրույքով քաղաքական գործիչ մարքսիստը յուրացրել է «քաղաքական բիզնեսի» տրամաբանությունը: Նա այսօր հայհոյում է ՀԱԿ-ին` իշխանության բարեհաճությունը շահելու հույսով:

Սակայն գնացքը գնացել է, իշխանությունն, ըստ ամենայնի, գերադասում է գործ ունենալ ՀԱԿ-ի հետ, նրա հետ համաձայնությունների հասնել, քան` սնել քաղաքական նախագծեր, որոնց արդյունավետությունը մոտ է զրոյի:

Սուրեն Սուրենյանց

23

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր