«Ինձ սպիտակ շորերով ու սպիտակ դագաղով կթաղեք» ../Ռուզան Ավոյան/
«Ինձ սպիտակ շորերով ու սպիտակ դագաղով կթաղեք» ../Ռուզան Ավոյան/ Մայիս 07, 2011 | 0:30

Այս սարսուռ առաջացնող երկտողը գտել են ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում ապրիլի 30-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած Կոշ գյուղի բնակիչ, 21-ամյա Մանուկ Բադալյանի մոտ:

 

Բադալյանն իր երեք ընկերների հետ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Կոշ գյուղում, ամուսնության նպատակով, առևանգել էր 16-ամյա մի աղջկա:

 

Ապրիլի 30-ին, քննիչի միջնորդությամբ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է  ընտրել երկամսյա կալանքը: Դատավորը բավարարել էր միջնորդությունը: Դատարանից 21-ամյա երիտասարդին տեղափոխել են ՁՊՎ-ի մենախուց, որտեղ էլ, սավանով կախվելու միջոցով, նա ինքնասպան է եղել: Այդ պահին Մանուկ Բադալյանը խցում մենակ է եղել:

 

Այս հոգեցունց դեպքը, երբ նորապսակի սպիտակ հագուստ երազող պատանին, սիրած աղջկա ձեռքերի փոխարեն, պարանոցին է օղակում սավանը, մեր իրավապահ համակարգի անկատարության, օրենքի չոր տառի կիրառման հետևանքն է, երբ իրավապահը հարցը լուծում է մարդկայնության ոտնահարմամբ, մորթապաշտի կամակատարությամբ:

 

Մեկ տարուց ավելի ազատազրկում ենթադրող հոդվածի դեպքում քննիչը կարող է միջնորդել կալանավորել անձին՝ սա  ամրագրված է օրենքով, սակայն կարող է և կալանք չմիջնորդել: Այս դեպքում քննիչն, իհարկե, կատարել է օրենքի պահանջը, այսինքն` պահպանել  է չոր տառը՝ հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղջկա ծնողները վրդովված են, կարող են բողոքել (աղջկա հայրն աշխատում է ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում): Երևի նաև՝ շառից-փորձանքից հեռու մնալու նպատակով. Կարող էր, չէ՞, վերադասը շահարկել որոշումը, թե` կաշառք է վերցրել… Իսկ դատարանը ոչ միայն առաջնորդվել է նույն սկզբունքով, այլև՝ աչքերը փակ, «կտրոն դակողի» մակարդակով չափն անցել է: Մի խոսքով, կոպիտ ասած, բոլորն իրենց վրայից գցել են (հետո՞ ինչ, որ մարդկային ճակատագիր է խորտակվում, հետո՞ ինչ, որ երիտասարդ կյանքեր են կործանվում, կարևորն այն է, որ իրենք խնդիրներ չունենան)՝ 21-ամյա տղային թողնելով իր կատարած քայլի համար աչքի առաջ 10 տարուց ավելի պատժաժամկետ ունենալու փաստին դեմ հանդիման:

 

Մարդու առևանգման Քրօրի 131 հոդվածը (4-8 տարի), թերևս, ամենախիստ հոդվածներից է: Սակայն, մինչ օրենքի բարեփոխումները, այս հոդվածում կար ամուսնության նպատակով առևանգում, որը կարծեմ թե ենթադրում էր երկու տարվա ազատազրկում, նույնիսկ բողոքի, կողմերի չհաշտվելու դեպքում մեղմ էր լինում մոտեցումը: Սակայն, որպես կանոն, կրքերը հանդարտվելուց հետո, աղջկա կողմը չէր բողոքում, ի վերջո՝ հարցը փակվում էր: Հայտնի չէ, թե որ «խելոք բարեփոխիչի» կամքով՝ հոդվածի այդ մասը հանել են: Ու հիմա ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, մարդուն կառևանգեն գումար կորզելու, տանջելու թե այլ նպատակների համար՝ նույնացրել-հավասարեցրել են ամուսնության նպատակով առևանգմանը:

 

Ի դեպ, դեպքի օրը Մանուկ Բադալյանի հետ եղած 3 ընկերների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

367

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր