Միակ հայկական թատրոնի դերասանը կոչում ստանալու իրավունք չունի
Միակ հայկական թատրոնի դերասանը կոչում ստանալու իրավունք չունի Ապրիլ 28, 2011 | 16:13

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական թատրոնը միակն է սփյուրքի հայկական թատրոններից, որտեղ բացառապես հայերեն են խաղում: Բայց ադամյանցիներն իրենց Հայաստանի խորթ զավակներն են համարում: Բանն այն է, որ ներկայացնելով աշխարհին հայ թատրոնը, նրանք միաժամանակ զրկված են Հայաստանի արտիստ կոչվելու իրավունքից: Հայաստանցիներիցս շատերին հայրենիքի գնահատանքի այս ձևը ֆորմալ կարող է թվալ, բայց օտարության մեջ հայերեն ստեղծագործողին այն օդի պես պետք է: Տասնյակ դերասաններ ծերացան հայկական թատրոնի բեմում, բայց չստացան գնահատանքի այս ապացույցը, և վիրավորված են: «Մեզ ասում են, որ դուք Հայաստանի քաղաքացի չեք, դրա համար էլ չի կարելի ձեզ շնորհել Հայաստանի վաստակավոր, կամ ժողովրդական արտիստի կոչումներ: Իմանալով Հայաստանի օրենքները, ես այնպիսի կետ չեմ գտել, որով դրսում գործող պետական թատրոնի դերասանը իրավունք չունենա կոչումներ ստանալ: Ես կուզեի, որ այս մասին իմանար Հայաստանի նախագահը, որն ուշադիր է մեր թատրոնի նկատմամբ», – ասաց մեզ հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Բայանդուրյանը: Վրաստանում կոչումները վաղուց հանված են օրենքով, բայց եթե լինեին, Բայանդուրյանը վստահ է, որ անպայման Ադամյանի թատրոնի տասնյակ դերասաններ կստանային դրանք: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանները, որոնք ամբողջ կյանքը նվիրել են դրսում հայ արվեստի զարգացման դժվար գործին, զրկված արտիստական կոչումներից: “Չկա այդպիսի սահմանափակում: Մենք միշտ էլ ներկայացնում ենք երաշխավորություններ, և հաշվի ենք առնում նաև սփյուրքի գործիչներին: Կարծում եմ, այս տարի անկախության 20-ամյակի կապակցությամբ մեր սփյուռքահայ գործիչներն այս իմաստով ավելի լայն հնարավորություններ կունենան”, – պատասխանեց փոխնախարարը: Ստացվում է, որ մինչև հիմա որևէ հնարավորություն չի՞ եղել ադամյանցիներին կոչում տալու, թե չէ, մինչ օրս գոնե մեկը ստացած կլիներ:

45

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր