Թոխմախի Մհերի «Երևանցիներ»-ի բախտը «փայտից» է կախված
Թոխմախի Մհերի «Երևանցիներ»-ի բախտը «փայտից» է կախված Ապրիլ 22, 2011 | 7:34

Լուսինե Կեսոյան

Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի ստեղծելիք «Երևանցիներ» անունը կրող հասարակական կազմակերպության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո: Թոխմախի Մհերը հայտարարում էր, որ, հասարակական կազմակերպությունից բացի, նաև նույնանուն կուսակցություն է ստեղծելու: Ենթադրվում էր,  որ սա լինելու էր բավական հզոր և ազդեցիկ կառույց` ի զորու լուրջ դերակատարում ունենալ առաջիկա ընտրություններում:
Թոխմախի Մհերը մի տեղ էր հավաքելու Երևանի «ավտարիտետներին», այսինքն` նրանց, ում միջոցով այս երկրում իրականացվում են ընտրական գործընթացները: Յուրաքանչյուր թաղամաս հայտնի է իր, այսպես ասած, հեղինակություն վայելող մարդկանցով. «ավտարիտետ» կոչվածները հիմնականում, ճիշտ է, գողական աշխարհի ներկայացուցիչներ են, սակայն հայաստանյան ներկա իրականության պայմաններում հարցերը լուծվում են հենց այս մարդկանց միջոցով: Սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ Թոխմախի Մհերից և նրա ծրագրերից որևէ նորություն չկա: Մհեր Սեդրակյանն ու նրա «Երևանցիներ»-ը անցել են ընդհատակ:

Մեր տեղեկություններով, Թոխմախի Մհերի այսօրինակ վարքագիծը բավականին հիմնավոր է և պատճառաբանված: Բանն այն է, որ «Երևանցիներ» նախագիծը Թոխմախի Մհերի համար յուրահատուկ «զենք» էր` իշխանությունների ուշադրությունն իր նկատմամբ մշտապես վառ պահելու համար: Թաղապետի պաշտոնը թողնելուց հետո Սեդրակյանը պետք է նոր` իրեն արժանի մեկ այլ պաշտոնի տեր դառնար: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մեծ ծառայություններ է մատուցել իշխանություններին 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Սակայն ժամանակն անցավ, և նախատեսված պաշտոնն այդպես էլ չգտավ տիրոջը: Իսկ Սեդրակյանն այն անձնավորությունը չէր, որին այդքան հեշտությամբ շրջանցեին: Դա էր պատճառը, որ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո նոր թափ առան խոսակցությունները «Երևանցիներ»-ի մասին և, ենթադրելի էր, որ եթե դրա մեջ մտնի նաև «տուժած» Բեգլարյանը, ով պակաս «ավտարիտետ» չէր որպես Չոռնի Գագո, ապա «ավտարիտետները» կարող էին ուզածին հասնել: Բաղրամյան 26-ում, սակայն, որոշում է ընդունվում այլևս չհետաձգել Սեդրակյանի «փոխհատուցումը» և թույլ չտալ «Երևանցիներ» պրոյեկտի հետագա ծավալումը: Սեդրակյանին է տրվում փայտ ներկրելու քվոտան: «Երևանցիներ»-ի ու Թոխմախի Մհերի ընդհատակ անցնելու հիմնական պատճառը հենց փայտն է:

Սեդրակյանը փայտը ներկրում է «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերգեյի ՍՊԸ-ով, նրան տալիս է շահույթի որոշ մասնաբաժին, սակայն ներկրման քվոտան իրենն է, հիմնական շահույթը` նույնպես: Փայտ ներկրելու իրավունք ուներ նաև ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը` լեգենդար Սյամոն, սակայն ներկայումս, ըստ մեր տեղեկությունների, այս բիզնեսում նա այլևս նախկին թափը չունի: Քվոտան տրվել է Թոխմախի Մհերին` որպես քաղաքական դաշտում նրա վերահսկելիության երաշխիք: Այնպես որ, ըստ Սեդրակյանի «փայտային» բիզնեսի հաջողությունների՝ կարելի է նաև ենթադրություններ անել, թե «Երևանցիներ»-ը մեկ էլ երբ կփորձեն լույս աշխարհ գալ Երևանում: Ամեն ինչով հանդերձ, սա ևս մեկ անգամ վկայում է, թե Հայաստանում որքան վերահսկելի է քաղաքական դաշտը, և թե քաղաքական այս կամ այն պրոյեկտի ակտիվացման կամ պասիվացման հիմքում իրականում ինչ գործընթացներ են ծավալվում:

124

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր