Կատարող լինե՞լն է գնահատանքի արժանի
Կատարող լինե՞լն է գնահատանքի արժանի Դեկտեմբեր 20, 2010 | 13:41

Կադրային հնարավոր փոփոխությունների մեջ շրջանառվում են նաև բարձրաստիճան երկու ոստիկանների անուններ. մեկը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն է` ներկայումս ԱՆ Քրեակատարողական վարչության պետը, մյուսը` փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանն է: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ երկուսի հետագա` հնարավոր պաշտոնական հանգրվանը նույնն է` մարզպետի աթոռը։ ՀՀ նախագահը կարծես թե մարզպետների պաշտոններին ուզում է տեսնել բացառապես ոստիկանական անցյալ ունեցողներին։ Ապացույցը` Նվեր Պողոսյան, նաև վերջին նշանակումները` Աշոտ Գիզիրյան, Էդիկ Բարսեղյան:

Հետաքրքիր է, թե, արդյոք, այս երևույթը չի՞ անհանգստացնում ՀՀ ոստիկանապետին, չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ ոստիկանության լավագույն կադրերն աստիճանաբար տարվում են համակարգից և, փաստորեն, դրանով թուլացվում է համակարգը:

Ալիկ Սարգսյանը նախ զարմացավ և հարցրեց, թե ովքե՞ր են գնացել, նման բան չկա, սակայն երբ հիշեցրինք` Գիզիրյան, Բարսեղյան, նախարար դարձավ փորձառու ոստիկան Արմեն Երիցյանը, Սարգսյանը հանգստացրեց, ասելով, թե նրանք այլևս ոստիկանության կադրերը չէին (Գիզիրյանը մինչև մարզպետ նշանակվելը պաշտոնավարում էր Արդարադատության նախարարության համակարգում`ՔԿՀ-ում, Բարսեղյանը` ԱԻՆ -ում Փրկարար ծառայության ղեկավարն էր):

Եթե Հայկ Հարությունյանին էլ արդեն ոստիկան չի կարելի համարել, ապա ամեն դեպքում մնում է ՀՀ փոխոստիկանապետը։ Սաշիկ Աֆյանի` հնարավոր նշանակման մասին խոսակցություններն ավելի համառ բնույթ են ստանում` ի՞նչ է մտածում ոստիկանապետը , ինչպես է վերաբերվում այս կադրից ևս զրկվելու տեսլականին:

- Չկա նման բան, հերյուրանք է, էդպիսի խոսակցություն չկա: Երևի ուղղակի մարդուն ուզում են վարկաբեկեն, թե՞, ընդհակառակը` մեծարեն, չգիտեմ:

- Բայց մի՞թե մարզպետ նշանակվելը վարկաբեկում է որևէ մեկին:

- Չէ, ուղղակի ասում են, թե Կոտայքի մարզպետ է նշանակվելու, բայց դե, Կովալենկո Շահգալդյանը նորմալ աշխատում է, տիրապետում է իրադրությանը, ոնց որ բան անեն` թե քո տեղի վրա ոստիկանության պետի տեղակալն աչք ունի: Էս մարդկանց հարաբերությունները նորմալ են: Իմ կարծիքով` վատ բան է, դե, ոնց որ քո տեղի վրա մեկի անունն են սկսում ծեծել, էդ մարդն էլ իր տեղը նստած, ստիպված սկսում է արդարանալ, թե… Դա ինչի՞ համար: Եթե էդպիսի բան է լինելու, մի մարդ է դա որոշում, բայց ըտենց բան չկա իրոք:

- Բայց, այնուամենայնիվ, փաստ է, որ ոստիկանական անցյալ ունեցողները գնահատված են, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Մեր կադրերը բոլորն էլ, դե, զինվորական մարդիկ են, ավելի կատարող են, երևի հենց դա էլ գլխավոր պատճառն է:

ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ

23

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր