Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ` Յուրի Գասպարյանի հետ մեր զրույցը հասարակությանը հուզող խնդիրների մասին է: Պրոֆեսոր Գասպարյանի կարծիքը ներկայացնում ենք առանց խմբագրման։
- Պարոն Գասպարյան, ի՞նչ է ուսումնասիրում սոցիոլոգիան և ի՞նչն է այսօր կարևորում:
- Սոցիոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ոչ միայն անձի և հասարակության զարգացումը, այլ հասարակության բոլոր սոցիալական խմբերի միջև եղած հարաբերությունները: Այդ հարաբերություններից է կախված այսօրվա մեր կյանքը:
- Ի՞նչ եք կարծում, այսօր սոցիալական ո՞ր շերտին է պատկանում հայ մտավորականությունը , և ինչպիսի՞ սոցիալական վիճակում է :
- Մտավորականի դիրքից, գիտելիքների կիրառումից այսօր շատ բան է կախված մեր հասարակության հարաբերությունների բարելավման առումով: Բայց քանի որ հասարակության մեջ ամենասակավ շերտը կազմում է մտավորականությունը, դժվար է ստույգ ասել, թե ինչ մարդկանցից է բաղկացած ինքը` հասարակությունը: Մտավորականը պիտի լիներ հասարակության միջին խավը, բայց մեզ մոտ բևեռացում կա` աղքատներ և հարուստներ: Նորմալ քաղաքակիրթ երկրներում մտավորականությունը պիտի լինի 50-60 տոկոս: Կարծում եմ, դեռ վաղ է մեզ մոտ խոսել մտավորական խավի մասին, քանի դեռ մեր մտավորականները քաղցած, տնտեսապես ծանր վիճակում են: Պետք է մտահոգվել նրանց կենսամակարդակը բարձրացնելու խնդրով։
- Հատկապես ո՞ր ոլորտներն են առավել մտահոգություն հարուցում:
- Արվեստի, գրականության ոլորտի մտավորականներն անմխիթար վիճակում են: Մեր երիտասարդները, որոնք ընտրում են օր` թատրոնը կամ կինոմատոգրաֆիան, երբ թևակոխում են այդ ոլորտը, տեսնում են, որ քաղցած են մնում և աղավաղվում են թե նրանց ձգտումները, թե գաղափարները և հուսահատված չեն էլ կամենում այլևս խորանալ իրենց նախասիրած մասնագիտության մեջ: Ճիշտ է, խորանում են, բայց ոտաբոբիկ և հուսահատություններով լի: Ահավոր երևույթ է, երբ հասարակության մեջ գրականագետը, բանաստեղծը, գրողը, դերասանը, անգամ պրոֆեսորը քաղցած է ապրում, իսկ մեր իշխանությունները չեն էլ մտածում, թե ինչպե՞ս բարելավեն մտավորականության վիճակը: Ես ինքս էլ պրոֆեսոր եմ, բայց եթե չկարողանամ առանձին որևէ բիզնես կազմակերպել, ես ու իմ ընտանիքն անապահով կդառնա: Այսօր գրողը ոչ գրիչ ունի, ոչ թուղթ, ինչպե՞ս գրի, դրա համար էլ ոչ գրող է մնում, ոչ՝ բանաստեղծ, ոչ էլ՝ նկարիչ:
- Շատերը պատճառաբանում են, որ դեռևս չձևավորված պետություն և չձևավորված հասարակություն ենք:
- Ի՞նչ ձևավորման մասին է խոսքը, մեր ժողովրդի արժեհամակարգն է աղավաղված, մեր ավանդույթներն են փլուզվել:Մեր մշակույթի կարևոր խնդիրներից մեկը հասարակության մեջ գործող ավանդույթներն ու սովորույթները պահպանելն է, որոնք խիստ նվազել են: Հենց այդ ավանդույթներն էին, որ ապահովում էին հասարակության միջին խավը` մտավորականությունը: Մեր ազգի նման ավանդույթներից մեկն էլ այն էր, որ պարտադիր յուրաքանչյուր ընտանիքում երեխան կամ գնում էր նկարչական, կամ երաժշտական դպրոց, թատրոն էր հաճախում, օպերա կամ բալետ էր դիտում: Այս ամենն օր – օրի վերանում է: Այնինչ, մեր ավանդույթներով է, որ հարգանքի ենք արժանացել տարբեր ազգերի մեջ: Չեմ ընդունում, երբ ասում են՝ ձևավորված պետություն չենք: Դա այդպես չէ: Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ էլ Հայաստանն ունեցել է իր պետական բոլոր համակարգերը: Երբ չունեինք բանակ, հասկանալի է, ասում էինք, որ ձևավորվում է մեր բանակը, իսկ այժմ ունենք և բանակ, և Սահմանադրություն, որով ուղղորդվում ենք: Այնպես որ, ունենք ձևավորված պետություն:
- Իսկ մեր հասարակությո՞ւնը:
- Այսօր մեր հասարակության մեծ մասը կինո «Ռոսիայի» շենքում է, Մալաթիայի շուկայում, որտեղ մարդիկ զբաղված են վերավաճառքով:Մեր կենսաթոշակառուների թոշակը ընդամենը 20000 դրամ է, և քանի որ մեր կառավարությունը չի կարողանում հաղթահարել բոլոր դժվարությունները, մեր բնակչության մեկ քառորդը սովահար է: Վիճակագրությունն ասում է, թե իբր մեր ժողովրդի 25%-ն է աղքատ, իսկ 6%-ը՝ խիստ աղքատ: Բայց մեր սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր մեր բնակչության մոտ 56-57%-ն է աղքատ:
- Իսկ ի՞նչ արժեքային կողմնորոշում ունի մեր երիտասարդությունը:
- Այսօրվա երիտասարդը շփոթված է: Մտնելով համալսարան, տեսնում է, որ պրոֆեսորն աղքատ է, տալիս է իր գնահատականը և գերադասում իր ծնողի հետ շուկայում զբաղվել վերավաճառքով, քան թե շարունակել կրթությունը: Ուսանողների 68%-ը աղջիկներ են, մնացածը՝ տղա, ովքեր չեն ուզում սովորել, քանի որ գիտեն, որ իրենց ստացած մասնագիտությունը կոպեկի արժեք չունի: Նրանց սնունդի միակ աղբյուրը բիզնեսն է` փողը: Սիրահարված երիտասարդը խուսափում է ամուսնանալուց, որովհետև չի կարող ընտանիք կազմել և ապահովել այն՝ իր միջին 50 000 դրամ աշխատավարձով: Մեր երիտասարդ ընտանիքների 90%-ի ծնողները եթե չլինեն, կորած են: Այսօր Հայաստանում ամուսնալուծությունների թիվը գերազանցում է նախկին ցուցանիշներին: Հայկական ընտանիքը կործանվում է տարբեր պատճառներով: Մեր երիտասարդները , ցավոք, ավելի հաշվենկատ են դարձել: Հեռուստատեսությունն էլ իր հերթին շատ բացասական ազդեցություն է թողնում մեր երիտասարդների վրա:
- Ձեր վերաբերմունքը այն մանկավարժներին, որոնք կարող են կուսակցականորեն կողմնորոշել մատաղ սերնդին:
- Մանկավարժը կարող է լինել որևէ կուսակցության անդամ, բայց իրավունք չունի իր կուսակցական գաղափարները տարածելու ուսանողների կամ աշակերտների մեջ: Ես ինքս կուսակցական եմ և երբեք ինքս ինձ թույլ չեմ տա պարտադրել իմ ուսանողներին գնալ իմ գաղափարների ետևից: Ուսանողն ինքը պիտի համոզվի իր կողմնորոշման մեջ: Ասեմ, որ մեր երկրում երիտասարդների 80%-ը կուսակցականացված է, իսկ արտասահմանում երիտասարդության ընդամենը 15%-ն է զբաղվում կուսակցական գործերով: Պատկերացնու՞մ եք տարբերությունը:
- Ունե՞նք մենք վաղվա մտավորական համալսարանականներ:
- Սերունդ ունենք, բայց ինձ մտահոգում է նրանց վաղվա գոյակերպը: Պետության մեջ ամենաբարձր աշխատավարձը պետք է լինի մանկավարժի աշխատավարձը, որովհետև նա սերունդ է կերտում, ձևավորում: Իսկ այսօր մանկավարժը, դերասանը, կամ արվեստի գործիչը նույնիսկ իրեն արժանի հեղինակությունը չունի, ինչպես առաջներում էր:
- Կուզեի խոսեինք մեր հասարակության ծայրահեղ դրսևորումների մասին:
- Ամենածայրահեղ դրսևորումն այն է, որ մեր հասարակությունը բաժանված է երկու ծայրահեղ շերտերի` մեկը աղքատներ և խիստ աղքատներ, մյուսը` հարուստներ և խիստ հարուստներ: Ես չեմ ասում հավասարեցնել, ինչպես կոմունիստական գաղափարախոսությունն է ասում, բայց շատ աշխատողը պետք է շատ վաստակի, իսկ քիչ աշխատողը` քիչ: Իսկ այսօր, ինչպես տեսնում ենք, հակառակն է: Սա այլանդակ վիճակ է, որը չենք կարողանում շտկել:
- Ո՞ րնէ մեր ժամանակի ամենամեծ վտանգը:
- Ամենամեծ վտանգը կոռուպցիան է: Երբ դիպլոմը գնում են փողով, նրանցից մեծ մասը հանցագործ է դառնում: Առանց հստակ արժեքային կողմնորոշման երեխան վճարում, սովորում է, սակայն ավարտելուց հետո էլ 90%-ը չի աշխատում իր մասնագիտությամբ:
- Կարո՞ղ եք որևէ որակական փոփոխություն առաջարկել:
- Ես կարծում եմ, որ պետք չեն այսքան լիցենզավորված համալսարանները, թե քաղաքում, թե շրջաններում: Ապագա սերնդին կրթելու համար պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը պիտի բարձր գիտական աստիճանների որակավորում ունենա: Եթե դոցենտը չունի մենագրություն, մանկավարժական փորձ, չունի ոչ մի գրված գիտական աշխատություն, ի՞նչ պիտի դասավանդի համալսարանում: Նախ՝ անհրաժեշտ է լավ մասնագետներ պատրաստել, հարկավոր է զարգացնել մեր երկրի արդյունաբերությունը: Բոլոր գործարաններն ունիվերսամ են դարձրել և սրանով իսկ սպանում են պետությունը: Մեծ ցավ է, երբ երկիրդ ոչինչ չի արտադրում, չի արտահանում իր ստեղծածը: Ովքեր որ քանդել են մեր գործարաններն ու առևտրի տներ սարքել, նրանց չի հետաքրքրում մեր ազգի վաղվա օրը, նրանց հետաքրքրում է միայն այսօրվա թալանը: Եվ այդ թալանի մեջ էլ հենց իրենք են թալանվելու:
- Ձեր խրատը` հայ ծնողներին և երիտասարդներին:
- Մեր երեխաները պիտի շատ կարդան, սակայն ծնողը պիտի նախ ինքը մանկավարժի իր զավակին և թույլ չտա կարդալու այն, ինչ պետք չէ երեխային, թույլ չտա նստել հեռուստացույցի առաջ և դիտել այն հաղորդումը, որն իրեն պետք չէ: Ես դեմ եմ ինտերնետ համակարգին, որն այդքան այլանդակում է մեր երեխաներին, քանի դեռ նրանք հասուն չեն ճիշտ կողմնորոշվելու համար: Մեր սրբություններից է եղել այն, որ մեր ծնողները չպիտի լինեն ծերանոցներում, սակայն այսօր այն դատարկ ծերանոցները, որով հպարտանում էինք, լցվել են ծեր ծնողներով, և դեռ տեղ չլինելու պատճառով էլ նորերն են կառուցվում: Սա ահավոր է, և երիտասարդը պիտի մտածի այս ուղղությամբ: Զավակը պարտավոր է իր ծնողին պահելու, գուրգուրելու, իսկ այսօր գլուխներն առած գնացել են աշխարհով մեկ, և հերն էլ անիծած՝ հայրն ու մայրը մեռա՞ծ են, թե՞ ողջ: Ազատությունը տրվեց ոչ թէ ծնողներին լքելու համար, այլ, ավելի ճիշտ, ապրելու համար: Պետք չէ ազգասիրություն խաղալ: Ազգը սիրող մարդն իր երկիրը կծաղկեցնի, ոչ թե օտարի հողը, իր ժողովրդի համար կաշխատի, ոչ թե կգնա ուրիշ ժողովրդի համար ինչ այլանդակ գործ ասես կանի, միայն թե գոյատևի: Այստեղ էլ կարելի է գոյատևել, եթե նույնչափ աշխատեն: Մեր երիտասարդները շատ եսասեր են դարձել և չեն ուզում կատարել իրենց պարտականությունները: Եվ պատճառն էլ այն է, որ չեն պահում այն կարևոր ավանդույթները, որոնք ժառանգված են եղել իրենց, որքան էլ փորձեն արդարացնել իրենց պահվածքը տնտեսական անկայունությամբ: Այսօր Հայաստանից շատ հայ Ռուսաստանում է ապրում: Այո, այստեղ աշխատանք չկա, բայց գոնե երբ գնում են, պարտավոր են իրենց ծնողներին էլ տեր կանգնել: Թերևս ես հասկանում եմ արտագաղթողներին, որոնց կուտակած գումարով գոնե էս մնացած ժողովուրդն այսօր ապրում է:
- Ձեր վերաբերմունքը օտարալեզու դպրոցների գաղափարին:
- Նորմալ եմ վերաբերվում, սակայն առաջնայինը մայրենին պիտի լինի: Ինչ ուզում է կողքից լինի, միայն թե՝ ոչ հայոց լեզվի հաշվին:
- Ամենից առավել ի՞նչ եք երազում:
- Ես ամեն ինչի հասել եմ, հիմա միայն երազում եմ թոռնիկներիս բարեկեցությունը: Իսկ առավել երազում եմ, որ թոռնիկս`Զարեհս մեծանա ու սովորի Հարվարդի համալսարանում, որովհետև այնտեղ եղել եմ ու տեսել, թե ինչ կրթություն են ստանում, ինչ գիտելիքներ են ձեռքբերում: Եվ ոչ միայն թոռնիկս, կուզեի մեր ազգի բոլոր երիտասարդները սովորեն աշխարհի հզոր համալսարաններում: Սա ամենաճիշտը կլիներ:
Կարինե Ջանջուղազյան
145
- 18:49Սրճարանն ինքնարտահայտման տարածք է
- 15:25«Թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է»
- 13:15«Ովքեր արտասահմանում իրենց տեղն ունեն, սպանես՝ չեն գա Հայաստան». Ռ. Հախվերդյան
- 12:20Աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը Երևանում
- 15:36Թարիվերդիևն այսօր 80 կդառնար…
- 16:14Բարեգործական համերգ կամ` մեկ սրվակի 1/3-ը…
- 19:00Գործնական քայլեր են պահանջում
- 16:13Միակ հայկական թատրոնի դերասանը կոչում ստանալու իրավունք չունի
- 13:07Հասմիկը գիտի` ինչ է անում
- 13:32Ո՞ւմ մեղքով «չվառվեցին մոմերը»
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
